ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց հանդիպակաց գոտի դուրս գալու համար տուգանքի բարձրացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հանդիպակաց

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդգրկեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։ 

Ըստ այդմ՝ առաջարկվում էր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում տուգանքի չափը բարձրացնել: Նախագիծն օրակարգ ընդգրկելու համար կողմ քվեարկեց 25 պատգամավոր, դեմ՝ 82, ձեռնպահ՝ 12:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով: 

Էնֆիաջյանը, ՃՏՊ-ների վիճակագրությունն ուսումնասիրելով, հանգել է այն եզրակացության, որ  էական զսպող մեխանիզմներ պետք է ունենալ, ուսումնասիրել ԵԱՏՄ ու միջազգային փորձը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է՝ նախագիծը ժամանակավրեպ է, ընդունելի չէ այսօր:

«Ունենք արդեն համապարփակ մեծ փաթեթ, այսպես կոչված տուգանային միավորների ներդրման նախագծերի փաթեթը, և դա ընդլայնված կարգավորում է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի մի շարք իրավահարաբերություններ և նոր քաղաքականություն է մտցնում՝ վարչական տուգանքների կիրառման պրակտիկայում»,-ասել է նա ու ներկայացրել փաստ, որն էական հակասության մեջ է ներկայացված նախագծի հետ: