«Ազգային օրակարգը» պահանջում է 2020-ի բյուջեում ռազմական ծախսերն ավելացնել 20 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Ազգային օրակարգ

Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագծի պաշտպանական ծախսերի հատվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը։

«Սույն թվականի սեպտեմբերի 30-ին, ՀՀ Կառավարությունը ընդունեց 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանեց հետագա մեկ տարվա իր հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով, ՀՀ ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,2%-ով, ներկա 300,585 մլրդ․ դրամից մինչև 301,243 մլրդ․ դրամ, այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացնել 14%-ով, 1,648,063 մլրդ․ դրամից մինչև 1,880,186 մլրդ դրամ։ Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերի մասնաբաժինը 2019 թ․ 18,2%-ից նախատեսվում է 2020 թ․ նվազեցնել մինչև 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել բազմաթիվ այլ ծախսեր, ներառյալ որոշ դեպքերում կրկնապատիկ և եռապատիկ չափով, իսկ բյուջեին կից Կառավարության տարեկան ուղերձի «Սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները» բաժնում նաև զարմանալի կերպով բացակայում է պաշտպանությանը վերաբերվող որևէ դրույթ։

Սա տեղի է ունենում փաստացի այն իրողությունում, երբ հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակում է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, արձանագրելով բյուջեի ընդհանուր ծախսերի աճ ընդամենը 1,7%-ով, բայց դրանով հանդերձ նախատեսելով պաշտպանական ծախսերի աճ ամբողջ 20,9%-ով, այն հասցնելով տարեկան 2,267 մլրդ․ ԱՄՆ դոլարի։ Հատկանշական է, որ այդ միջոցներից մոտ 945 մլն․ ԱՄՆ դոլարը Ադրբեջանը ծրագրում է օգտագործել իր տարբեր գործընկերներից սպառազինությունների լայնածավալ գնումների վերսկսման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։

Այս ամենը զուգակցվում է արցախյան հակամարտության շուրջ ադրբեջանական կողմի դիրքորոշման մեջ անհանդուրժողականության էական ավելացմամբ և ռազմականացված հռետորաբանության նկատելի կոշտացմամբ։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահը վերջին ժամանակներս ունեցած իր ելույթներում հերթական անգամ հայտարարել է, որ Արցախը աներկբա հանդիսանում է Ադրբեջանի մաս, և ավելին՝ լկտիաբար տարածքային հավակնություններ է ներկայացրել Սյունիքի նկատմամբ, դրանով անթաքույց դրսևորելով իր մտադրությունը՝ ավելացնելու ուժային ճնշումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա։

Այս պայմաններում, ՀՀ Կառավարության կողմից պաշտպանական ծախսերի սառեցումը առնվազն տարակուսանք է առաջացնում, և կարող է հանգեցնել արդեն իսկ հայկական կողմի համար անբարենպաստ ռազմատեխնիկական հաշվեկշռի հետագա վատթարացմանը, դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը պահանջում է ՀՀ Կառավարությունից և Ազգային ժողովից՝ համարժեք արձագանքել մեր երկրի առջև կանգնած կենսական մարտահրավերներին, վերանայել 2020 թ․ բյուջետային հատկացումների տրամաբանությունը՝ հակառակորդի ավելացմանը համեմատական ավելացնելով ռազմական պաշտպանության ծախսերը (առնվազն 20%-ով), ինչպես նաև ուղղելով հավելյալ միջոցները՝ առկա իրավիճակի համար ընդունելի անվտանգային մակարդակի հասցնելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանական կարողությունները»,-ասված է հայտարարությունում։