Պեկինում Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ՊՆ

Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: