Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի պատվիրակությունը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

ֆրանսիական

Հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ պարոն Լորան Վոքիենի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պարոն Վոքիենին ուղեկցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և այլ գերատեսչությունների, Ֆրանսիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Պատվիրակությանն ընդունեց ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։ Ֆրանսիական պատվիրակությունը երկու ծաղկեպսակ տեղադրեց՝ մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մյուսը՝ Բաքվի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամներից մեկը կատարեց «Դլե Յաման» հայտնի երգը, որն ուղեկցվեց դուդուկի կենդանի նվագակցությամբ:

Ֆրանսիայից ժամանած ներկայանալի ու բազմամարդ պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ պարոն Վոքիեն տնկեց արծաթափայլ եղևնի:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, մանրամասն տեղեկություններ ստացան Հայոց ցեղասպանության պատմությունից:

Այցի ավարտին պարոն Վոքիենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում.

«Օսմանյան սարսափելի բռնությանը ենթարկված և իր օջախում սպանված հայ ժողովրդի տառապանքի հիշատակին: Թող այս զոհերը մեր աչքերը բաց պահեն, և թող արցունքները չմարեն ծիծաղները: Հայաստանը մեզ պարտավորեցնում է, որ մենք կարողանանք իրեն պաշտպանել»:

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահն իր բանավոր խոսքում խիստ կարևորեց և՛ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, և՛ թանգարանի դերն ու առաքելությունը նմանօրինակ ոճիրների կանխարգելման գործում: Կոչ արեց միջազգային հանրությանը չկորցնել սթափությունը, թույլ չտալ,որ պատմությունը կրկնվի:

Նա նաև նշեց, որ այս այցն իր համար շատ կարևոր էր ու շատ հուզիչ: Ձեռք բերվեցին նաև ՀՑԹԻ ու ֆրանսիական կողմի միջև համագործակցության նախնական պայմանավորվածություններ:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահին հանձնեց մի շարք գրքեր՝ ՀՑԹԻ հրատարակություններ և այլոց կողմից հեղինակած հատորներ: Պարոն Մարությանը նվիրեց Օսմանյան կայսրության զինվորական Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունը, որը եզակի գրավոր հուշարձան է և Հայոց ցեղասպանության պատմության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից, իսկ ընտանիքն արժանացել է իր հայրենակիցների բախտին: Պարոն Վոքիենին տրվեցին նաև Ֆրանսիահայ հայտնի գեղանկարիչ Ժանսեմի «Եղեռն» ալբոմը, Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը, ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ և տարբեր դարաշրջաններում Հայաստանի մասին քարտեզագրական փաստաթղթերի պատկերագրքեր:

Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ պարոն Վոքիենը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին հանձնեց իր ղեկավարած շրջանի, բարձրաստիճան պաշտոնյաններին տրվող հուշամեդալ:

Պարտվիրակության կազմում գտնվող Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF-Centre) կենտրոնական շրջանի նախագահ Րաֆֆի Կրիկորյանն (Raffi Krikorian) պարոն Մարությանին հանձնեց 2019 թ. ապրիլի 24-ին Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի պատկերով հուշանվեր: