ԱԱԾ-ն չպետք է ծառայի Ռոբերտին, Սերժին, Լևոնին, Նիկոլին, Պողոսին, Մարտիրոսին․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացասական է գնահատում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագիծը, համաձայն որի՝ թույլ է տրվում, որ ԱԱԾ-ն և  ոստիկանությունը ղեկավարեն համակարգից դուրս գտնվող անձինք:

«Օրինագիծը գլխատում է ուժային համակարգը, իրավապահ համակարգը, գլխատում է սպայական համակարգը: Հիմա կարող եք ասել՝ բա պաշտպանության նախարարն էլ է քաղաքական պաշտոն: Այո՛, բայց այնտեղ կա շտաբի պետ, որը գլխավոր զինվորականն է: Ոստիկանությունում, ԱԱԾ-ում ո՞վ է լինելու այդ մարդը: Երբ ես ասում եմ, որ սա նպատակաուղղված է անվտանգության համակարգի թուլացմանը, դրա համար եմ ասում:

Այդ օրինագիծը, անկախ նրանից՝ ով է անում, թուլացնում է մեր անվտանգության համակարգը և գլխատում ուժային կառույցները: Անվտանգության համակարգը՝ մանավանդ ԱԱԾ-ն, չպետք է ծառայի Ռոբերտին, Սերժին, Լևոնին, Նիկոլին, Պողոսին, Մարտիրոսին: Նա պետության հիմքը պետք է լինի»,-հայտարարեց Շարմազանովը, ապա հավելեց, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ պայքարում են ներքին թշնամիների դեմ։

«Մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական գործիչների մեջ օտարերկրյա գործակալներ կան: Վանեցյանն էլ հրաժարական է տվել, ոչ ոք չի խանգարում, ես պահանջում եմ, որ ինքը թուղթ ու գրիչի վրա ներկայացնի, թե ովքեր են օտարերկրյա այդ գործակալները: Եթե այդ հայտարարությանը չեն հետեւում գործողություններ, նշանակում է քո երկրի ղեկավարն ապրում է «բան է, ասում է» ռեժիմով»,-ասել է Շարմազանովը։