Կմեկնարկի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը ծրագրեր կներկայացնի ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցների հետ:

Նշենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00 «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: Բացման արարողության ֆիլմը՝ Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» կցուցադրվի Եվրոպական Միության գրասենյակի աջակցությամբ: Արարողությանը կմասնակցեն նաեւ փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաեւ այլ տարածքներում:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ եւ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք եւ փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ եւ հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Փառատոնի շրջանակներում, ինչպես եւ նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան է ժամանելու «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), ով վարպետության դաս կանցկացնի հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00 BŪRO-ում: Ի դեպ, ֆիլմը եւս մեկ անգամ կցուցադրվի մեր երկրում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ եւ անիմատոր Դեշ Շոուն իր կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ, եւ գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գեւորգ Մուրադը (ԱՄՆ): Դեշ Շոուի վարպետության դասը կանցկացվի հոկտեմբերի 25-ին, ժամը 15:00 LOFT կենտրոնում:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 ՀԲԸՄ-ում կանցկացվի գեղանկարիչ, անիմատոր Գեւորգ Մուրադի ցուցահանդեսը, որին կներկայացվեն նրա համահեղինակային կարճամետրաժ «Չորս գործողություն Սիրիայի համար» (2019) ֆիլմի գեղարվեստական ձեւավորումները եւ կտավները: Բանախոսների մասնակցությամբ կանցկացվեն նաեւ այլ միջոցառումներ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանում European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա): Նա հոկտեմբերի 25-ին, ժամը 10:00 վարպետության դաս կանցկացնի ՀԲԸՄ-ում: Ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա) նույնպես վարպետության դասընթաց կանցկացնեն նույն տեղում: Դեսպանատան հետ համագործակցության արդյունքում կցուցադրվեն նաեւ մի շարք ֆիլմեր:

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը եւ իր «ՄարԱնի» հարթակը, Գյոթե կենտրոն Երեւանի հետ համատեղ, եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերին կազմակերպել էին հատուկ դասընթաց-սեմինար, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների եւ լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ եւ վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեին նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ եւ ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ/քննադատություններ գրելու համար: Հյուր փորձագետն էր  Կլաուս Լոսերը: «ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական եւ միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները, մեկը՝ լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում: Մրցանակը ճանապարհորդություն է 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020թ. մայիսին կայանալիք 27-րդանիմացիոն կինոփառատոնին:

«Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին,առկա է կարմիր կլոր խորհրդանիշ:  Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում եւ աշխատակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: Փառատոնի այս քայլը հարգանքի տուրք է՝ ի հիշատակ մեր գործընկերների, ովքեր դարձան այս պատահարի անմեղ զոհերը: