ՀՔԾ-ն չի պարզաբանում Արա Բաբլոյանին իբրև կասկածյալ ներգրավելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը։

24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՔԾ մամուլի ծառայությունից։ «Այս պահին դեռևս տեղեկություն չենք կարող փոխանցել։ Երբ արդեն հրապարակման ենթակա տեղեկատվություն լինի, կհայտնենք լրացուցիչ», - մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

24News-ը նաև փորձեց կապ հաստատել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ 

Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ 

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: