Facebook-ը հետաքննում է իրեն պատկանող Instagram-ի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Facebook ընկերությունը նախաձեռնել է իրեն պատկանող Instagram սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետաքննությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են Facebook-ի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Instagram-ից մեծ արտահոսք է գրանցվել, խարդախները վաճառքի էին հանել 20 մլն հաշվի տվյալներ։

«Մենք հետաքննություն ենք սկսել՝ կապված անցյալ շաբաթվա տվյալների այդ բազայի հետ։ Այս փուլում, կարծում ենք, որ անձնական տվյալներին հասանելիություն չի եղել։ Սքրափինգի (տվյալների հավաքագրում) ձեւը, որն օգտագործվել է, այլեւս հնարավոր չէ այն փոփոխություններից հետո, որոնք մենք կատարել ենք այս տարի»,- հայտնել է Facebook-ի ներկայացուցիչ Ստեֆանի Օտվեյը։

Նրա խոսքերով, ընկերությունը մարդկանց տվյալների անվտանգության համար կշարունակի ծառայության տվյալների հավաքագրման հայտնաբերման եւ դադարեցման աշխատանքը։