ԱՍՀ նախարարությունը առաջարկում է մասնակցել  ընտանիքների վերամիավորման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 22-ին քննարկման է հրավիրել Հայաստանում գործող խոշոր բանկերի և շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝  ներկայացնելու համար «Սոցիալական պատասխանատվության հարթակ՝ հանուն ընտանիքների վերամիավորման և հզորացման» ծրագիրը և քննարկելու դրա շրջանակներում հնարավոր համագործակցությունը: 

«Երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է։ Այսօր Հայաստանում գործում են 6 պետական մանկատներ և չորս գիշերօթիկ հաստատություններ։ Մանկատներում խնամք են ստանում շուրջ 630 երեխաներ, որոնց 70 %-ը ունի հաշմանդամություն։ Գիշերօթիկ չորս հաստատություններում խնամք են ստանում շուրջ 260 երեխաներ. Նրանք բոլորն ունեն ընտանիքներ և, ուսումնասիրությունների համաձայն, նրանց 92 %-ը գիշերօթիկ հաստատությունում է գտնվում ընտանիքի աղքատության պատճառով»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Զարուհի Բաթոյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, որոնք ուղղված են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և խնամքի այլընտրանքային ձևերի զարգացման միջոցով երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովմանը, այդ թվում` կարևորելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար այս իրավունքի ապահովման անհրաժեշտությունը և նրանց խնամքն ընտանեկան միջավայրում կազմակերպելը։

«Հաշվի առնելով երեխայի՝ ընտանիքում ապրելու գերակա իրավունքը, ինչպես նաև բացառելով սոցիալական խնդիրների պատճառով երեխաների՝ հաստատությունում խնամք ստանալու հնարավորությունը՝ նախարարությունն իր աջակցության բոլոր հնարավորություններն ուղղում է ընտանիքներին՝ միաժամանակ կոչ անելով գործընկեր կազմակերպություններին միանալու և համատեղ ջանքերով լուծելու ընտանիքների առաջ ծառացած խնդիրները: Մենք հավատում ենք, որ պետությունը պետք է հոգ տանի յուրաքանչյուր երեխայի համար, և այս ճանապարհին պետք է մոբիլիզացնի բոլոր ռեսուրսները՝ պետական, մասնավոր և հասարակական ոլորտի։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է լուծել այս երեխաների խնդիրները և իրականություն դարձնել նրանց՝ ընտանիքում ապրելու երազանքը»,- ասել է նախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքները.

«Հայաստանի Հանրապետությունում երեխաների՝ ընտանիքներում ներդաշնակ զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով նախարարությունը գործընկեր կազմակերպությունների հետ իրականացրել է գիշերօթիկ հաստատություններում խնամք ստացող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորքային գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի աջակցության նպատակով կազմվել են պլաններ, համաձայն որոնց նախատեսվում է հզորացնել ընտանիքները և ստեղծել այն բոլոր նպաստավոր պայմանները՝ երեխաների խնամքը ընտանիքում լիարժեք կազմակերպելու նպատակով: Նախատեսվող աջակցությունն իրականացվում է մասնակցային սկզբունքով՝ ներգրավվելով ոլորտի տարբեր շահեկիցների, ինչպես նաև գործարար աշխարհին։ Այսօր հաստատություններում խնամք ստացող 260 երեխայից ընտանիք է վերադարձել 106-ը, իսկ մյուսները սպասում են աջակցության տրամադրմանը, որպեսզի հնարավորություն և տեղ ունենան վերադարձի, քանի որ կան ընտանիքներ, որոնց դեպքում երեխան գնալու տեղ չունի»,- ասել է նա:

Քննարկման ավարտին Զարուհի Բաթոյանը հույս է հայտնել, որ ծրագիրը աջակիցներ կգտնի մասնավոր հատվածում՝ ոչ միայն երեխաների կյանքերը փոխելու իմաստով, այլև՝ սոցիալական պատասխանատվության օրինակ դառնալով մյուս ընկերությունների համար: