Ցանկացած սահմանադրական խնդիր ունի նաև քաղաքական ենթատեքստ․ Hraparak.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Գագիկ Հարությունյան

Երկար տարիներ Սահմանադրական դատարանի, ապա նաեւ մի կարճ շրջան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ աշխատած ու դատարանները շրջափակելու ակցիայից հետո հրաժարական տված Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ցանկացած սահմանադրական խնդիր ունի նաև քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական բաղադրիչ։ Գրում է Hraparak.am-ը։

Նա սա ասում է՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջը ծավալվող վերջին իրադարձություններին։ Իսկ անձամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալու իրավապահների գործողություններն էլ Գագիկ Հարությունյանը համարում է իրավական մշակույթի խնդիր։ Աղբյուրը ճշտել է՝ իրեն դո՞ւր է գալիս այն մթնոլորտը, որ ձևավորվել է այսօր Հայաստանում, ինչին կարճ պատասխանեց՝ ոչ։

- Իսկ հատկապես ի՞նչը Ձեզ դուր չի գալիս։

- Ճշմարտությունը հետեւյալն է․ ընդհանրապես, անցումային շրջանները բավականին բարդ են իրենց բնույթով եւ արժեքների ընկալմամբ։ Ես հիմա որ նման տիպի հարցեր եմ լսում կամ Ձեր, մյուսների հոդվածներն եմ կարդում, հիշում եմ Ղրղզստանի դեպքերը, երբ այնտեղ եղավ հեղափոխություն, ու դրանից անմիջապես հետո նախագահի պաշտոնը ստանձնեց մի տիկին, որը մեկ տարի հետո մի հայտարարություն արեց, եւ այդ հայտարարությունը մեր սահմանադրագետների շրջանում միշտ օրինակ էին բերում, ու կարծես թե ինչ-որ տեղ զավեշտի ժանրից էր։ Այդ կինն ասել էր․ «Մենք հեղափոխությունն ավարտեցինք, հիմա կարող ենք ապրել Սահմանադրությամբ»։ Ուրեմն, առաջընթաց հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապրում ենք Սահմանադրությամբ։ Եթե մեր այսօրվա Սահմանադրության արժեբանական ընդհանրացումները խելամիտ կյանքի կոչվեն, շատ հարցեր ավելի հեշտությամբ կլուծվեն։

- Բայց նաեւ քննադատում են ու մեղադրում դրա հեղինակներին, թե հենց Սահմանադրության պատճառով է, որ այսօր այս վիճակն է առաջացել։

- Հնարավոր է, տարբեր կարծիքներ կարող են լինել, ես՝ ինքս էլ եմ այդ Սահմանադրության ինչ-որ դրույթներ ժամանակին մեր հանձնաժողովում լուրջ քննադատել, նույնիսկ այնպիսի իրավիճակներ են եղել, որ ասել եմ՝ հատուկ կարծիք գրեմ եւ հրաժարվեմ։ Ես, օրինակ, առաջարկում էի սահմանադրական մշտադիտարկման ինստիտուտը ներդնել, որը միջազգային մակարդակում բավականին բարձր գնահատականների է արժանացել։ Եվ առաջարկում էի ներդնել սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը, որը հնարավորություն կտար հատուկ ինստիտուտի միջոցով սահմանադրական բոլոր մարմինների պետաիշխանական բոլոր լիազորությունների հետ կապված խնդիրները քննության առարկա դարձնել։ Հետագայում ես առաջարկեցի նաեւ մի կոնցեպցիա՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, երբ խոսքը վերաբերում էր դարձյալ այդ տիպի գործերի կոլեգիալ քննության ինստիտուտին։ Դուք պատկերացրեք՝ այս երկրի քաղաքացի եք եւ հենց Դուք՝ ինքներդ ընտրեք, ակտիվ երիտասարդ լրագրող եք՝ սուր գրիչով, հետաքրքիր մտքերով, ընտրեք ցանկացած դատավորի, թող ինքը քննի այս գործերից որեւէ մեկը՝ 300 հոդվածով, 300.1-ով եւ այլն։ Հասարակության քանի՞ տոկոսն այդ մեկ դատավորի կողմից քննվող եւ կայացրած վճռին վստահություն կհայտնի։

- Դե, մենք տեսանք՝ ինչպես եղավ․ որ դեպքում, որ դատավորի որոշումն իշխանությունների քիմքին հաճո եղավ, նրա հանդեպ վստահություն հայտնեցին։

- Դրա համար, օրինակ՝ Բելգիայում, որ Սահմանադրությունը 1861 թվականին ընդունվել էր, 1998 թվականին արմատական փոփոխություն կատարեցին, տեսան, որ այս ժամանակներում իրավունքի եւ իրավական ակտերի նկատմամբ հասարակական վստահության որոշակի մակարդակ պետք է ապահովել։ Եվ քանի որ բարդ գործերով քննությունները դա չեն ապահովում, միանձնյա քննությունները եւ այդ ընթացակարգերը դա չեն ապահովում, իրենք Սահմանադրության մեջ փոփոխություն կատարեցին եւ մտցրեցին մի դրույթ, որ այդպիսի գործերը կքննվեն միայն վերաքննիչ դատարանում՝ առաջին ատյանի քննության կարգով եւ կոլեգիալության հիման վրա, իսկ բողոքարկումը կլինի վճռաբեկ դատարանում։ Օրինակ՝ սա շատ հետաքրքիր ինստիտուտ էր Հայաստանի համար։ Մենք ժամանակին քննարկում էինք՝ մտցնել ժյուրիի ինստիտուտը՝ երդվյալ ատենակալների, որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել։ Որովհետեւ մեզ մոտ՝ փոքր համակարգերում, սոցիալական սարդոստայնը շատ խիտ է, ցանցը շատ խիտ է, իսկ սուբյեկտիվ դրսեւորումները՝ շատ մեծ։ Փորձեցինք ներդնել, չհաջողվեց՝ դարձյալ դիմադրողները շատ եղան։

- Բարձրագույն դատական խորհուրդն ու անձամբ ԲԴԽ նախագահն այսօր անելիք ունի՞ այս հարցում։

- Միշտ անելիք ունի ամբողջ դատական համակարգի առումով։ Ես, օրինակ, ժամանակին իմ անելիքը տեսնում էի, չգիտեմ՝ հիմա ով իր անելիքն ինչպես է տեսնում։

- Մենք ժամանակին, երբ Դուք էիք ԲԴԽ նախագահը, Ձեզնից էինք ակնկալում, պահանջում, երբեմն՝ քննադատում, թե ինչու հստակ դիրքորոշում չեք հայտնում դատարանների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հիմա՝ Ռուբեն Վարդազարյանից։

- Նախ՝ երբեմն չէիք քննադատում, հիմնականում էիք քննադատում։ Բայց հիմա ես ասեմ՝ որն է հարցը։ Ես այն ժամանակ ակտիվ չէի արձագանքում՝ նկատի ունենալով, որ անելիքն այնպիսին է, որ պետք է գործը դնել սեղանին, որպեսզի մարդիկ տեսնեն՝ բան է փոխվում։ Խոսքով չի լինում։ Այդպիսի բարդ համակարգերը պետք է կարողանալ հիմնովին վերափոխման ենթարկել։ Դուք զուտ Ձեր խղճի հանգստության համար մի հատ վերցրեք-ծանոթացեք ԲԴԽ տարեկան հաղորդմանը, որ մենք տվեցինք։ Ես 100 էջանոց կոնցեպցիա մշակեցի՝ բարեփոխումների, այդ տարեկան հաղորդման մեջ դրա հիմնական բովանդակությունն արտացոլեցինք։ Մենք ցանկանում էինք իսկապես համակարգն այնպես վերափոխել, որ նա կարողանա գործունակ լինի, ազդեցությունների քիչ ենթակա լինի։

- Այդ դեպքում ինչո՞ւ չմնացիք, որ իրագործեիք այդ ամենը, ինչո՞ւ հրաժարական տվեցիք ԲԴԽ նախագահի պաշտոնից։

- Որովհետեւ ես չէի կարող, ես բարոյական իրավունք չունեի, երբ դատարանները շրջափակեցին։ Ես դրանից ընդամենը 4-5 օր առաջ իշխանության բոլոր մարմիններին՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, մի քանի նախարարներ եւ այլն, բոլորին տվել էի այն կոնցեպցիան, որ առաջարկում էին բարեփոխումները։ Եվ մեծ մասը, կարծես թե, ոգեւորություն ունեին, նաեւ իմ հանդիպումների ժամանակ, ու չէին առարկում, որ կարելի է այս ճանապարհով գնալ։ Ու հանկարծ այդ ֆոնի վրա, կիրակի օրը ես լսում եմ, թե վաղը դատարանները շրջափակում ենք։ Զարմացա։ Մեկ օր առաջ բոլորովին այլ մթնոլորտ էր, այլ իրականություն, այս մեկ օրում ի՞նչ փոխվեց։ Երբ ես եկա, փորձեցի տեսնել իրականությունը, հաջորդ օրը նույնիսկ մտածում էի՝ քննարկման ժամանակ խոսք բարձրացնեմ եւ տեսակետ արտահայտեմ, դուրս եմ գալիս, որ գնամ, տեսնեմ՝ ԲԴԽ-ն էլ է շրջապատված։ Ընդ որում՝ մարդիկ, երեխաներ, որոնք իմ թոռների տարիքին են, արտահայտություններ էին անում, որ, կներեք, ես մարդկային արժանապատվություն ունեմ, ես ճանապարհ եմ անցել, ես կյանք եմ տեսել, ես մարդկանց հետ եմ շփվել․․․ եւ ես փորձեցի կուլ տալ։ Հաջորդ օրը եկել ենք, ու էլի նույն պատմությունը։ Եվ ցավն այն է, որ իրավաբաններից ոմանք սկսեցին դատարանները շրջափակելը համարել ժողովրդավարության դրսեւորում։

- Այսինքն՝ արժանապատվությունից դրդվա՞ծ թողեցիք պաշտոնը։

- Ես գրեցի, ասացի, որ իմ մարդկային արժանապատվությունը թույլ չի տալիս այս վիճակում շարունակել այդ պաշտոնը զբաղեցնել։

Աղբյուրը՝ Hraparak.am