Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Մայիլյան

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։

Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, ընդհանուր առմամբ, համահայկական օրակարգի հարցերի առաջմղման համար։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է համատեղ ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։

Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Արցախի շահերի պաշտպանությունը և տարբեր հարցերի շուրջ հանրապետության դիրքորոշումը ԱՄՆ պետական և հասարակական շրջանակներին ներկայացնելը ԱՀՀ գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախի Հանրապետության ԱԳՆ և ԱՀՀ միջև հետագա համագործակցության վերաբերյալ։