Ինձ կարող են մեղադրել մի բանում․ ես նպաստել եմ, որ Փաշինյանը եկել է իշխանության. Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ ամեն ինչ արել է օրենքի ու Սահմանադրությանը համաձայն։ Այդ մասին նա հայտնել է «Արաբկիր» բժշկական կենտրոն»–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով իրեն՝ որպես կասկածյալ ներգրավելու որոշումը։

«Մի բան կարող եմ ասել, որ ես ամեն ինչ արել եմ օրենքին ու Սահմանադրությանը համաձայն», - ասել է Բաբլոյանը, ապա հավելել, որ մի քիչ նեղված է ՀՀ իրավապահներից։

«Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, բազմիցս բացատրեցի, որ 20 տարի է՝ պատրաստվել եմ վիրահատությանը, նրանք ասին՝ դուք պետք է անհապաղ գաք, ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», - ասել է Բաբլոյանը, ապա նշել, որ մի բանում վստահ է։ 

«Ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ հարցում հստակ կա մեղադրանք: Դա առանձին արդեն քննություն կլինի, եթե որոշեն դա քննել, կհաստատեն», - ասել է Արա Բաբլոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ՀՔԾ մամուլի ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում իշխանությունը յուրացնելու կասկածանքով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: