Բանակցությունից հետո Էրդողանը և Պուտինը հուշագիր են ստորագրել․ ՌԴ նախագահը զանգել է Ասադին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Պուտին

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով 10 կետից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել։ Այդ մասին գրում է ermenihaber-ը:

Հանդիպման օրակարգային թեման  եղել է Սիրիայի հարցը, որի շուրջ, ըստ թուրքական և ռուսական մամուլի, հաջողվել է հասնել համաձայնության։

Նախագահների մամուլի ասուլիսից հետո Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը լրագրողների ներկայացությամբ ընթերցել են Սիրիայի հարցով ստորագրված հուշագրի կետերը:

Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի կետերն են.

1․ Երկու երկրներն էլ հաստատում են հավատարմությունը Սիրիայի քաղաքական միասնությունը ու տարածքային ամբողջակունությունը և Թուրքիայի ազգային անվտանգությունը պահպանելու հարցում։

2․ Նախագահները շեշտում են իրենց վճռականությունը պայքարելու ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ և վերացնելու Սիրիայի տարածքում անջատողականության օրակարգը։

3․ Այս շրջանակում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում «խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքում, որն ընդգրկում է Թել Աբյադը և Ռաս ալ-Այնը 32կմ խորությամբ, կպահպանվի հաստատված ստատուս-քվոն։

4․ Երկու կողմերը հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը։ ՌԴ-ն առկա պայմաններում կհեշտացնի Ադանայի համաձայնագրի կետերի կիրառումը։

5․ Հոկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ից սկսած ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահները YPG-ի տարրերին և նրանց զենքերը Թուրքիայի սահմանից 30կմ խորությամբ դուրսբերումն ապահովելու նպատակով կմտնեն Թուրքիա-Սիրիա սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս են մնացել «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներից։ Այդ գործընթացն ավարտվելու է 150 ժամում։ Նույն պահից սկսված «խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքի արևելյան և արևմտյան կողմերում, բացառությամբ Ղամիշլիից, 10 կմ խորությամբ ռուսները և թուրքերը համատեղ պարեկություն կսկսեն իրականացնել։

6․ Մանբիչից և Թել-Ռըֆաթից Սիրիայի քրդական ուժերի՝ YPG-ի բոլոր տարրերը իրենց զենքով հանդերձ դուրս են բերվելու։

7․ Երկու կողմն էլ միջոցներ են իրականացնելու ահաբեկչկական տարրերի ներթափանցումը կանխելու համար։

8․ Համատեղ աշխատանք են իրականացնելու փախստականների անվտանգ և կամավոր կերպով վերադարձը հեշտացնելու նպատակով։

9․ Պայմանավորվածություն է  ձեռք բերվել ստեղծել դիտորդական և ստուգման համատեղ մեխանիզմ, որը վերահսկելու և համակարգելու է այս հուշագրի իրականացումը։

10․ Թուրքիան և Ռուսաստանը շարունակելու են Աստանայի ձևաչափի շրջանակներում սիրիական հակամարտության մնայուն քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքները և աջակցելու են Սահամանադրական հանձնաժողովի աշխատանքներին։

Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի մանրամասները: Նա նշել է, որ այս համաձայնագիրը կենտրոնանում է ահաբեկչական պայքարի վրա և նպատակ ունի վերացնել Սիրիայի տարածքներում անջատողականության խնդիրները: Իսկ Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին և շեշտելով. «Մենք մերժում ենք որևէ պատրվակով Սիրիայի տարածքների օկուպացումը»: Ասադը նաև պատրաստակամություն է հայտնել ռուսական ռազմական ոստիկանության հետ միասին պարեկախումբ ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ: