ԵԱՏՄ-ն հնարավորություն է տալիս երկրներին օգտագործել ներքին ամբողջական ներուժը. Սարգսյան

ԵՐԵՒԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Եվրասիական տնտեսական միությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում հինգ անդամ երկրներին օգտագործել ներքին, ամբողջական ներուժը, որովհետև առանց համագործակցության այդ ներուժի օգտագործումը բավական դժվար է։ Ինչպես հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունից, այս մասին հոկտեմբերի 22-ին  «Սկոլկովո» կենտրոնում տեղի ունեցած «Բաց նորարարություններ 2019» միջազգային մոսկովյան համաժողովի ժամանակ նշել է ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը։ 

1

Միջոցառմանը, որը նվիրված էր ինտելեկտուալ տնտեսության հիմնախնդիրներին, մասնակցում էին նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը, ինչպես նաև միջազգային խոշոր ընկերությունների և կորպորացիաների ղեկավարներ։ 

«Համագործակցության այն մոդելը, որը դրված է մեր միության հիմքում, հնարավորություն է տալիս մեծապես օգտագործել մեր ներուժը, առավել շատ օգտագործել մեր երկրների գիտատեխնիկական հնարավորությունները, որովհետև գիտությունը սահմաններ չի ճանաչում։ Եվ ջանքների համադրումն այս ուղղությամբ տալու է ֆանտաստիկ արդյունքներ», - ընդգծել է ԵՏՀ ղեկավարը։ 

TS 3

Տիգրան Սարգսյանը բաժանել է միջազգային չափորոշիչները չորս մասի։ Ըստ նրա, առաջին ստանդարտն արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների օգտագործումն է։ 

«Երկրորդ չափորոշիչը համապատասխանում է այն երկրներին, որոնք հանդիսանում են նոր տեխնոլոգիա արտադրողներ։ Այս նորարարությունները ոչ միայն ներդրվում են օգտագործման համար, այլև ստանում միջազգային ճանաչում։ Եվ շատերն էլ միանում են հենց այս չափորոշիչին։ Երրորդ ուղղությունը՝ անվտանգության ապահովումն է։ Ցանկացած երկիր կամ տնտեսական միավորում ամեն ինչ անում է իր տնտեսական անվտանգությունը ապահովելու համար։ Այս նպատակով ստեղծվում են բազմաթիվ վարչարարական փաստաթղթեր, չափորոշիչներ, որոնք դառնում են պարտադիր այդ տարածքում գործունեություն ծավալող գերատեսչությունների համար։ Սա նշանակում է, որ իրենք ստեղծում են իրենց չափորոշիչները։ Եվ վերջապես, չորրորդ ուղղությունը՝ նոր գլոբալ միջազգային թրենդն է՝ ստեղծել տարածաշրջանային չափորոշիչներ։ Այսօր գոյություն ունեն մոտավորապես 50 տարածաշրջանային տնտեսական միություններ», - ասել է Սարգսյանը։ 

Խոսելով ԵԱՏՄ-ում իրականացվող խոշոր ծրագրերի մասին, Սարգսյանն իբրև կարևոր օրինակ նշել է ապրանքների տեղափոխման մշտադիտարկման մասին, որն այսօր արդեն իրականացվում է ոչ միայն միության, այլև երրորդ երկրների տարածքում։ 

«Երկրորդ կարևոր ծրագիրը, որ մենք իրականացրել ենք, ԵԱՏՄ տարածքում  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրումն է։ Սա, ըստ էության, բացառիկ է այն առումով, որ թվայնացված փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրություններն ընդունվում են միության անդամ բոլոր երկրներում», - հավելել է նա։ 

ԵՏՀ նախագահը նաև առանձնացրել է ԵԱՏՄ էկոհամակարգի և  թվային տրանսպորտային միջանցքների ներդրումն ու հատկապես ընդգծել կազմակերպության տարածքում ընդհանուր աշխատաշուկա ձևավորելու ծրագիրը, որն այս պահին իրականացվում է։ «Ընդհանուր աշխատաշուկան հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների՝ աշխատանք փնտրող քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծել», - նկատել է Սարգսյանը։