Հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատության մեջ լինելուն․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

բակո

«Վաղաժամկետ ազատ արձակվելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, թե պետք է իրացվի»,- անդրադառնալով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի համապատասխան դիմումին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Կարծում եմ, որ հանրությունը պատրաստ չէ այդ անձի ազատությունն այլ պատժատեսակով փոխարինելուն: Այդ դիմումը կբավարարվի, թե ոչ, բացառապես դատարանի որոշումն է, մենք չենք կարող դրա հետ կապված որևէ կանխակալ վերաբերմունք դրսևորել», - ասաց նա՝ ավելացնելով, որ հասարակական արձագանքը երևույթի նկատմամբ բացասական է:

Հարցին՝ արդյոք իր կարծիքով Հոկտեմբերի 27-ի գործը վերանայվելու անհրաժեշտություն ունի, պատգամավորը պատասխանեց.

«Հասարակության ընկալումն այն է, որ այդ գործը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել, և կան անձինք, ովքեր դրա իրական մեղավորներ են ու չեն գտնվում ազատազրկման մեջ: Ինձ մոտ էլ կան կասկածներ, որոնք ամբողջությամբ չեն փարատվում: Հույս ունեմ, որ ինչպես քննարկման առարկա է դարձել Մարտի 1-ի գործը, այնպես էլ պետք է Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լիարժեքորեն բացահայտվեն»։