ՊԵԿ նախկին նախագահի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Գագիկ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կողմերը ներկայացրել են կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ իրենց դիրքորոշումները, և որ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12-ին։

«Դատախազության և քննչական մարմինների ներկայացուցիչները հիմնավորում էին, թե ինչու իրենց տեսանկյունից անձը պետք է մնա կալանքի տակ, իսկ մենք հակափաստարկներն էինք ներկայացնում», - ասել է Երեմ Սարգսյանը։

Պաշտպանն ասաց, թե մեղադրող կողմի հիմնավորումն, ըստ էության, այն է, թե ազատության մեջ գտնվելով Գագիկ Խաչատրյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը։

«Մեր հակափաստարկները շատ օբյեկտիվ և տրամաբանական են։ Բազմիցս ասել, և հիմա էլ կրկնում եմ. Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական պարտադիր բուժման մեջ։ Քննիչի ընդամենը մեկ զանգով նա դադարեցրել է բուժումը, վերադարձել, ներկայացել քննիչին, հույս ունենալով, որ թույլ կտան մեկ շաբաթով դարձյալ գնալ, բուժումը ստանալ և վերադառնալ»,-ասել է պաշտպանը, ապա նաև տեղեկացրել, որ դատական նիստին Գագիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել։ 

«Եղել է կոնսիլիում, դրա եզրակացացությունը ներկայացրել ենք դատավորին, այն ուղարկել ենք նաև Գերմանիայի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ մեկ այլ կոնսիլիում է հրավիրվել աշխարհահռչակ պրոֆեսորների մասնակցությամբ, նրանց կողմից այս եզրակացության հիման վրա տրվել է մեկնաբանություն, որ իրենք դեռ ապրիլից զգուշացնում էին, որ եթե չգա բուժման, կրկնակի վիրահատության կարիք կառաջանա», - ներկայացրել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նաև ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, քանի որ հուլիսից կա կոնսիլիումի եզրակացություն, որ անձին պետք է թույլ տան մեկնելու բուժումը շարունակելու, սակայն այդ փաստաթուղթը չեն շրջանառել, որպեսզի պաշտոնապես պարտավորություն չառաջանա։

«Հիմա արդեն ստացել են պատասխանը, բայց ասում են, թե պետք է փորձաքննություն իրականացնեն։ Քանի որ կոնսիլիումից իրենց ձեռնտու պատասխան չի ստացվել, որոշել են փորձաքննություն նշանակել։ Ակնհայտորեն խախտվում են անձի իրավունքները», - ասել է պաշտպանը։։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019-ի փետրվարի 2-ին հարուցված քրգործի շրջանակում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։