ԵԱՏՄ-ն ու Աֆրիկյան միությունը կնքում են փոխըմբռման հուշագիր. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՒԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ,  24News

Եվրասիական տնտեսական միությունն ու Աֆրիկյան միությունը, որի անդամ են մայրցամաքի 55 երկրներ, Սոչիում՝ «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակներում կստորագրեն փոխըմբռման հուշագիր։ Այս մասին ռուսաստանյան РБК պարբերականին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

«Հուշագիրը հնարավորություն կտա  ԵԱՏՄ-ի և Աֆրիկյան միության միջև ստեղծել ինստիտուցիոնալ համագործակցության մեխանիզմներ։ Մեզ հետաքրքիր է Աֆրիկյան միությունը որպես արագ զարգացող մեծ տնտեսական շուկա 1,3 մլրդ բնակչությամբ։  Զարգացման տեմպերը վկայում են, որ առաջիկայում Աֆրիկան կվերածվի համաշխարհային հզոր տնտեսական գործոնի», - նկատել է ԵՏՀ նախագահը։ 

Ըստ Տիգրան Սարգսյանի, ԵԱՏՄ անդամ պետությունները Աֆրիկայում կարող են զարգացնել այնպիսի տնտեսական ուղղվածության համագործակցություն, ինչպիսիք  ավտոարտադրությունն է, լեռնահումքային ոլորտը, ատոմային ենթակառուցվածքները, ոսկերչական ոլորտը և այլն։ 

«Աստիճանաբար, Աֆրիկան կբացահայտվի մեզ համար նոր տեսանկյունից, քանի որ բացառապես բոլոր աֆրիկյան երկրներն ունեն տնտեսական բարեփոխումների բավական հավակնոտ ծրագրեր։ Նրանք բաց են արտաքին աշխարհի հետ աշխատելու համար, և այս առումով մեզ անհրաժեշտ է հայտնվել ճիշտ ժամին ու ճիշտ տեղում», - ընդգծել է ԵՏՀ նախագահը։ 

Եվրասիական տնտեսական միությունը վերջին տարիներին ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցություններ է վարել տասնյակ երկրների և տնտեսական միությունների հետ։ Այսպես, ԵԱՏՄ-ն արդեն ունի ազատ առևտրի պայմանագրեր Սինգապուրի և Իրանի հետ։ Վերջնական փուլ են մտնում Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի հետ աշխատանքները։ 

Բոլոր այս աշխատանքներն ընթացել են այն շրջանում, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ղեկավարել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։