Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:
Դեպքի վայրում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979թ.:

Վերջինս ձերբակալվել է՝ 64-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: