Վլադիմիր Կարապետյանը հաստատել է փոխոստիկանապետի պաշտոնանկության տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

քաղաքական

«Փոխոստիկանապետի պաշտոնից ազատումը ընթացակարգի մեջ է, երբ գործընթացն ավարտվի, կտրվի պաշտոնական հայտարարություն», - այս մասին 24News-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ  ավելի վաղ «Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։

Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանի ներկայացմամբ։

Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:

«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում։