Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումն օրակարգում է․ Մասիս Մայիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

Ստեփանակերտը

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեի հետ հռչակագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցն օրակարգում է։

«Օդանավակայանը չի գործում քանի որ, Ադրբեջանն օգտագործում է իր անդամակցությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) և խոչընդոտներ է ստեղծում։
Նրանք շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ մեկուսացման քաղաքականությունը։  Վստահ եմ, որ լսել եք Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքները՝ այդ թվում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասին, եթե դրանք հայտնվեն Արցախի երկնքում։ Սա անընդունելի մոտեցում է, որը խոչընդոտում է արցախցիների հիմնական իրավունքների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացմանը»,- ասել է նախարարը։

Ըստ Մայիլյանի՝ Արցախի ղեկավարությունը շարունակում է խոչընդոտների վերացման աշխատանքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ինչպես հաջողության հասան Արցախում հեռուստակոմունիկացիաների և բանկային ոլորտում, այնպես էլ այս ոլորտում հաջողություն կգրանցեն։