Ռուսական զենքի գործարքի թեման անհարկի շահարկվում է անանուն աղբյուրների կողմից․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ՊՆ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանի պաշտպանության նախարությանը հղած բողոքի նոտային, որում ռուսական կողմը պահանջում էր բացատրել ռուսաստանյան «ОРСИС» ընկերության հետ կապված պատմությունն ու տալ իրավիճակի լուծում։

«Ցավոք, «ОРСИС»-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների, այս և այլ անհասկանալի մղումների պատճառով ի սկզբանե սխալ ուղղությամբ գնաց, և այն հատարարությունը, որ քերական գործ է հարուցված, պարզվեց, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում։ Ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման նույն անանուն աղբյուրների անհասկանալի բացատրություններով»,-ասաց ՊՆ խոսնակը։

Արծրուն Հովհաննիսյանը զերծ մնաց կոնկրետ գնահատականներ տալուց, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ հանգուցալուծում և ի՞նչ պաշտանական դիրքորոշումներ կան, քանի որ այս պահին գործընթացը զուտ իրավական բնույթ է կրում։

«Ուղղակի կասեմ, որ այս պահին էլ նույն տեղեկությունը հայտարարողն ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ «ОРСИС»-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավական գործիքներ ներկայացնող կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտաները, որպես կանոն, այդպիսին չեն լինում, բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակն այսպես հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները»,- 24News-ին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ, հղում անելով «РИА» գործակալությանը, հայտնել էինք, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել ՀՀ պաշտպանության նախարություն՝ պահանջելով բացատրել ռուսաստանյան «ОРСИС» ընկերության հետ կապված պատմությունը և տալ իրավիճակի լուծում: 

Ըստ գործակալության՝ պաշտպանության նախարարությունն առանց հիմքի հնարավորություն չի տվել այդ ընկերությանը մասնակցել զինամթերքի ներկրմանը վերաբերող մրցույթին, ապա նաև ներառել «ОРСИС»-ին ոչ վստահելի գործընկերների ցանկում:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և առաջիկա օրերին դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին: Նամակն ուղղված է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որից և ակնկալվում է իրավիճակի պարզաբանում և շտկում», - գրել էր գործակալությունը: