Պետք է գնանք 1 տարվա սակագնի վերանայման․ ՀԾԿՀ նախագահը՝ գազի գնի փոփոխման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Գազի սակագնի փոփոխության հայտը ներկայացնելուց հետո Հանրային ծառայությունների կարգավարող հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր հայտը նայելու համար, այնուհետեւ նոր սակագինը ուժի մեջ է մտնում դրանից 30 օր հետո»,- Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Հարցին՝ հնարավոր է՞, որ այս տարի գազի գինը բարձրանա, վերջինս պատասխանեց. «Դա կախված է, թե ինչ պայմանավորվածություններ կունենանք: Համենայնդեպս, մենք բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար: Եթե պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում: Քանի որ արդեն նոյեմբերն է մոտենում, այս տարի չենք կարող նոր գին ունենալ»:

Նա նաև նշեց, որ բանակցություններում խոսքը 5-10 տարի ժամկետի մասին է:

Հարցին՝ ի՞նչ կտա նոր ենթակայանը, արդյոք դա կազդի սակագնի վրա, նա պատասխանեց. «Կոնկրետ այս էլեկտրակայանը Բարձրաոլտ էլեկտրացանցերի ենթակայան է, որը վերազինվում է: ԲԷՑ-ում ենթակայանները հիմնականում վերազինվում են դոնոր բանկերի, պետության երաշխիքով վերցրած վարկերով է արվում: Կառուցվում են եւս երկու ենթակայաններ. Մեկը կառուցվում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի ընդհանուր ծրագրի շրջանակներում»: