Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ համաժողովում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում՝ անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին։

Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմակերպության սրահում, որ 70 տարի առաջ սկսել է համընդհանուր արժեքների վրա հիմնված հասարակություններ հաստատելու վճռականությամբ միավորված Եվրոպա ստեղծելու մի աննախադեպ, սակայն դժվարին ճամփորդություն՝ իր ուշադրության կենտրոնում ունենալով մարդուն, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կցանկանայի կենտրոնանալ Հայաստանում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների եւ զարգացումների վրա: Ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունը, որն անցյալ տարի տեղի ունեցավ մեր երկրում կատարելապես ուղղված էր ունենալու ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ, ազատ եւ մրցակցային տնտեսություն: Հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային, ընտրությունների արդյունքների կեղծման մղձավանջային շրջափուլին: Քաղաքացիների հուժկու ճնշման շնորհիվ 2018 թվականի մայիսին հակաժողովրդավարական ուժերը դուրս մղվեցին իշխանությունից: Նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդրարանական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես աննախադեպ ազատ եւ ժողովրդավարական, վերջնականորեն ազդարարեցին որպես ժողովրդավարական փոփոխություններ՝ պայամանավորելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայիս տեսքը: Այս մեկուկես տարվա ընթացքում մեզ արդեն հաջողվել է նախաձեռնել որոշ էական բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, դատական ոլորտներում՝ ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անշրջելիությունը: Սակայն դեռեւս գոյություն ունեն մարտահրավերներ եւ վտանգներ, որոնց առերեսվում է մեր երիտասարդ ժողովրդավարությունը: Հենց դրանց մասին կցանկանայի խոսել ձեզ հետ:

Լայնամասշտաբ պայքարը կոռուպցիայի դեմ, կոռուպցիոն, ապօրինի հարստացման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների բազմաթիվ գործերի հետաքննությունները ինչ-որ պահի բնականաբար առնչվում են դատական համակարգի հետ: Դժբախտաբար, որոշ անձինք դատական համակարգում չեն վերափոխվել. ամենայն հավանականությամբ  անձամբ ներգրավված լինելով կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման մեջ (հետաքննությունները դեռեւս շարունակվում են եւ, չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, թույլ տվեք չասել ավելին) եւ/կամ ունենալով քաղաքական շահագրգռվածություն ու քաղաքական փոխկապակցվածություն կոռումպացված եւ հակաժողովրդավարական ուժերի հետ՝ ամբողջովին մերժվել են Հայաստանի քաղաքացիների կողմից մեկ տարի առաջ:

Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից եւ ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության եւ եւ նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը եւ գործարկելու զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից եւ հետեւաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 
  
Տիկնայք եւ պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական եւ լեգիտիմ խորհրդարան եւ կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի եւ ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության եւ կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում, երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն եւ փիլիսոփայությանը:

Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին եւ օրենքի ոգուն համապատասխան: Քանի որ վերոնշյալները Հայաստանի հասարակության եւ Հայաստանի ղեկավարության առանցքային արժեքներն են, եւ մենք միանշանակորեն շարունակելու ենք այս արժեքների վրա հիմնված մեր ուղին:

Մեզ համար մեծ պատիվ է միավորված լինելով Եվրոպայի խորհրդի հետ՝ հիմքում ունենալով այս ընդհանուր արժեքները եւ մենք կպայքարենք դրանց համար երկրի ներսում, տարածաշրջանում եւ աշխարհում»: