Երևանի բնակարաններից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվել: Երկրորդ ահազանգով տեղեկություն է հաղորդվել, որ նույն հասցեի 6-րդ հարկից ապակիները թափվել են և վնասել շենքի բակում կայանած ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային իրեր և գազի բալոնի վրայի յուղի նստվածքը: Հյուրասենյակի և խոհանոցի ապակիները կոտրվել են և թափվել:

Բնակիչը՝ Եղիշե Ա.-ն (ծնված 1946 թ.),  գլխի և ձեռքերի հատվածում ստացած տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները շենքի բակում հայտնաբերել են վնասված «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան: