ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ֆրենկ

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հաջորդ շաբաթ պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջման արշավով»,-գրել է Փալոնը:

ԱՄՆ ԶԼՄ-ները, անդրադարձ կատարելով այս թեմային, հավանական են համարում, որ հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կվավերացնեն բանաձևը:

Ավելի վաղ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կուղարկվի քվեարկության: Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915-1923 թվականներին և, որի հետևանքով սպանվել է 1.5 միլիոն հայ, ինչպես նաև այլ էթնիկ խմբեր, ազգի ներկայացուցիչներ, ռեալ ժամանակում արձանագրվել է ամերիկացի դիվանագետների կողմից»,-հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները: