ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
«Դոժդ» հեռուստաալիքը, հղում անելով Չեչնիայի «Գրոզնի» պետական հեռուստառադիոընկերությանը, հայտնում է, որ ոստիկանությունը ստուգում է անցկացնում Չեչնիայի ղեկավարի ազգական, Գրոզնու նախկին քաղաքապետ 32-ամյա Իսլամ Քադիրովի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից հետո։
Հրապարակված տեսանյութում Քադիրովը դաժան վերաբերմունք է դրսևորում ձերբակալվածների՝ ենթադրյալ խարդախների նկատմամբ, կանանց դեմ էլեկտրաշոկեր է օգտագործում, ձերբակալվածներին՝ հաշվեհարդարով և կեղծ մեղադրանքներով՝ սպառնում: Այս ամենից բացի՝ հարկերը չմուծողների դեմ արշավի ժամանակ Քադիրովի թիկնազորը կոտրել է մի տղամարդու ձեռքերը, որն արձագանքել է պաշտոնյայի կոպիտ վարմունքին:
Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը հայտարարել է, որ Իսլամ Քադիրովը «քաղաքապետի պաշտոնում շատ բան է արել»:
«Բայց երբ հայտնի է դարձել, որ նույնիսկ որեւէ բարի նպատակի հասնելու համար Իսլամն օգտագործել է անընդունելի մեթոդներ, Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը պաշտոնյային հեռացրել է»,- ասել է Ալվի Քարիմովը:
8 ժամանոց տեսագրությունը նկարահանել է պաշտոնյայի անձնական մամուլի ծառայությունը և փոխանցել հեռուստատեսությանը: Հեռուստաալիքը տեսանյութը փոխանցել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները ստուգում են սկսել: