ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրը պատմել է, թե ինչպես է սպանել իր հարևանուհուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Գ. Մաշադյանը կասկածվում է հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարևանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել է, թե ինչպես է մտել տուն և ինչ գործողություններ է արել ներսում:

Եթե այսօր դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա կասկածյալ Գ. Մաշադյանը տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության «Նուրբարաշեն» քրեկատարողական հիմնարկ: