Հակոբ Մկրտչյանը՝ Մ23 չեմպիոն և ռեկորդակիր, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հակոբ Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով եւ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ-ով եւ ընդհանուր երկամարտի արդյունքով:

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 357 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է: Այս քաշային կարգում 363 կգ երկամարտի արդյունքով արծաթե մեդալակիր դարձավ վրացի Ռեւազ Դավիթաձեն:

Հակոբ Մկրտչյանը առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար աշխարհի չեմպիոնը պավիրեց 165 կգ, որը եւս հաջողությամբ կատարեց: Երրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական շտաբը պատվիրեց 170 կգ, բայց քիչ անց քաշը փոխեց 167 կգ, սակայն Հակոբ Մկրտչյանը չկարողացավ 167 կգ-ը պոկել եւ վարժությունն ավարտեց 165 կգ-ով՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունը աշխարհի չեմպիոնը սկսեց 195 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար պատվիրեց միանգամից 200 կգ եւ ծանրաձողը պահեց գլխավերեւում՝ հռչակվելով չեմպիոն: Երրորդ մոտեցման համար Մկրտչյանը պատվիրեց 210 կգ-ով՝ փորձելով գերազանցել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ռեկորդն այս վարժությունում: Աշխարհի չեմպիոնը 210 կգ-ն էլ հրեց եւ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում եւ երկամարտում:

Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունը սկսեց 155 կգ-ով եւ փայլուն կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Հովհաննիսյանը պատվիրել էր 161 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել: Երրորդ մոտեցմանը Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գլխավերեւում պահեց 161 կգ-ը եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժության համար նախնական պատվիրվել էր 195 կգ, սակայն Դավիթ Հովհաննիսյանը պայքարը սկսեց 185 կգ-ով եւ պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմանը Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գլխավերեւում պահեց նաեւ 194 կգ-ը:

Հայ ծանրորդների հետ չեմպիոնի կոչման համար հավասար պայքար էր տանում Վրաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալակիր Ռեւազ Դավիթաձեն: 168 կգ-ով Դավիթաձեն փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, հրեց 195 կգ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը նվաճեց նաեւ փոքր ոսկե մեդալ, իսկ Դավիդ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալ:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը օլիմպիական վարկանիշային է: