ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Ֆրանսիայի Սենատի օրակարգում է․ Ժերար Լարշե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

ԱԺ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակից եւ կարեւորել բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության շարունակականությունը: Նա շեշտել է, որ դրա կարեւորագույն բաղկացուցիչն են երկու խորհրդարանների միջեւ շփումները՝ հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

Կողմերը բարձր են գնահատել նաեւ հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցությունը:

Արարատ Միրզոյանը, մասնավորապես, բարձր է գնահատել Արցախի հետ Ֆրանսիայի Սենատի անդամների բարեկամության շրջանակի գործունեությունը, այդ թվում՝ դրա անդամների եւ ընդհանրապես խորհրդարանական պատվիրակությունների այցերը Արցախ:

Անդրադառնալով ԵՄ շրջանակում համագործակցությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային Ժողովը միջազգային իր բոլոր գործընկերներին հորդորում է հնարավորինս կարճ ժամկետում ավարտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացը, որից հետո հնարավոր կլինի մեկնարկել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը Եվրամիության հետ: Նա, մասնավորապես, շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո եւ ժողովրդավարության զարգացմանը զուգահեռ հայ հասարակության շրջանում կան մեծ սպասումներ, եւ Հայաստանն ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի աջակցությունն այդ հարցում:

Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման արդի փուլին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր իրավունքները պետք է հարգվեն, անկախ այն հանգամանքից՝ Արցախը ճանաչված պետություն է, թե՝ ոչ:

Կարեւորվել է Եվրոպայում առկա միտումը՝ դյուրացնելու միջազգային եւ Եվրոպայի խորհրդի կառույցների ներկայացուցիչների այցելությունը «գորշ գոտիներ»:

Վերահաստատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ կապերը՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացումը գտնվում է Սենատի օրակարգում, եւ Սենատը մոտ ապագայում անդրադարձ կկատարի դրան: Բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը՝ Ժերար Լարշեն վերահաստատել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ եւ տեւական կարգավորման համար: