Դեռ չեմ կարող պատասխանել մեկ այլ պետական պաշտոնյայի հերյուրանքներին․ Սարհատ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մոտ ապագայում նման բան իրենց թույլ տված անձինք ստանալու են համարժեք ու ցավոտ պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Հարգելի լրագրողներ, հիշեցնեմ, որ ես այս պահին ազատման դիմում ներկայացրած, բայց փաստացի պաշտոնավարող պետական ծառայող եմ, որը գտնվում է արձակուրդում։

Այս ամենը հաշվի առնելով՝ ես չեմ կարող պատասխանել մեկ այլ պետական պաշտոնյայի հերյուրանքներին՝ ինչքան էլ դրանք լինեն ստահոդ ու անտակտ։ Հույս ունեմ մոտ ապագայում կարգավիճակիս փոփոխությամբ կկարողանամ պատասխանել վերջին օրերին հնչեցված անպատասխանատու հայտարարություններին։

Իսկ թե ինչպես է պատահում, որ կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարը նման արտահայտություններ է անում մեկ այլ մարմնի ղեկավարի հասցեին, ապա այդ հարցի հասցեատերը ես չեմ։

Ցավալի է, բայց փաստ, որ վերջին յոթ ամիսներին ոմանց թույլատրվել է անպատասխանատու հայտարարություններ անել իմ եւ իմ ղեկավարած մարմնի մասին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մոտ ապագայում նման բան իրենց թույլ տված անձինք ստանալու են համարժեք ու ցավոտ պատասխան»։