Քննարկվել են հայ-չինական միջխորհրդարանական կապերին և տնտեսությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։

Միքայել Մելքումյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև, ինչպես նաև տնտեսության բնագավառում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Նշվել է, որ Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը շուրջ 800 մլն դոլար է, ինչը մոտ 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Կարևոր է համարվել ՉԺՀ-ի հետ ևս ազատ առևտրի գոտի ունենալը։ «Հարկավոր է ոչ միայն չինական ապրանքներ ներկրել հայկական շուկա, այլև ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ, որոնց կիրառումը հնարավորություն կտա զարգացնելու տնտեսական բնագավառը»,-ասել է մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա ընդգծել է նաև համատեղ ձեռնարկություններ ստեղծելու կարևորությունը, չինական կողմի նախաձեռնած՝ «Մեկ ճանապարհ, մեկ տնտեսական գոտի» ծրագրին միանալը։ Միքայել Մելքումյանն արտակարգ և լիազոր դեսպանին առաջարկել է համագործակցել իր գլխավորած հանձնաժողովի հետ։

Թիան Էրլունն իր պատրաստակամությունն է հայտնել այդ հարցում։ Նա կարևորել է Հայաստանի հետ երկկողմ ևԵԱՏՄ շրջանակում բազմակողմ համագործակցությունը։ Ընդգծվել է հայ-չինական հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում և համագործակցությունը միջազգային կառույցներում։