Ոստիկանները թմրանյութերի շրջանառության կասկածանքով տղամարդու են բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 24-ին հայտնաբերել են ու կասկածանքով բերման ենթարկել Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 գրամից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հայտնաբերված զանգվածը տղամարդը բերել է Իրանից։ Արաբկիրի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բացի հիշյալ զանգվածից տղամարդը Իրանից այլ թմրամիջոցներ էլ է բերել, որոնք պահում է տանը։ Բերման ենթարկվածի բնակարանի զննությամբ՝ հայտնաբերվեց հաշիշի և մարիխուանայի  նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի քաշով։ Բացի այդ, նրա հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ Արաբկիրի քրեական հետախույզներին ներկայացրեց 60 գրամից ավելի ափիոնի նմանվող զանգված։ Նշանակվել  է դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։