«Թավշյա հեղափոխության» բրենդը կորցրել է իր «կախարդական» ուժը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

քաղաքական

«Իշխանափոխությունից մեկուկես տարի անց էլ ներկայիս իշխանությունները մնացել են «թավշյա հեղափոխության» «դոզայի» տակ։ 

Գոնե անցած տարի նորմալ էր համարվում, երբ վարչապետը կամ իշխանության ներկայացուցիչները միջազգային տարբեր ամբիոններից խոսում էին «թավշյա հեղափոխության» մասին, գործընկերներին տեղեկացնում, թե ինչպես կարողացան հաջողության հասնել, ինչ են պատրաստվում անել և այլն, սակայն ներկայումս կրկին այդ թեմայի վրա ծանրանալը կորցրել է իր ակտուալությունը։

Եվ այս առումով թվում էր, թե սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը, որի ժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծեց իրենց հեղափոխության գերկարևորությունը և հաթաթաներ տվեց ընդդիմությանը, կլինի այդ մարտավարության վերջին ակորդը, քանի որ Հայաստանը բազմաթիվ կարևոր խնդիրներ և մարտահրավերներ ունի, որոնք կարելի է տարբեր ամբիոններից բարձրաձայնել։

Սակայն փորձը ցույց տվեց, որ իշխանությունը դրսում ներկայանալու օրակարգ չունի, այլ խրվել է ներքաղաքական զարգացումների սարդոստայնում. դատական իշխանության նկատմամբ ճնշումների, իրենց ընդդիմախոսներին ձերբակալելու, կալանավորելու միջոցով փորձում է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը։ 

Եվ դա է պատճառը, որ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում վարչապետը որևէ լուրջ գործնական պայմանավորվածություն չկարողացավ ձեռք բերել, և դրա փոխարեն նրա ելույթները ավելի շատ նվիրված էին թավշյա հեղափոխության գովերգմանը և ընդդիմությանը սպառնալուն։

Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարության և խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ընդօրինակել Փաշինյանի ելույթները, որի առանցքը պտտվում է միայն «թավշյա հեղափոխության» շուրջ։ 

Այսպես, օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ավելի շատ խոսել է 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների մասին, քան ներկայացրել է անհրաժեշտ հիմնավորումներ, թե «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում ինչ ծրագրերի մեջ է անհրաժեշտ ընդգրկել Հայաստանին։

Իսկ այ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում իր ելույթում ավելի հեռուն է գնացել։ 

Վերջինս «թավշյա հեղափոխության» իրագործման վերաբերյալ ներբող է կարդացել և թվարկել է դրա բերած անհամար հրաշքները, որի մասին դրսում Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլողները» մեկուկես տարի անընդհատ խոսել են։ 

Զարմանալի է, որ Արարատ Միրզոյանի մոտ հարց չի առաջացել, թե արդյո՞ք չի սպառել իրեն այն մարտավարությունը, երբ աշխարհին ներկայանում ենք միայն «թավշյա հեղափոխության» բրենդով, արդյոք դա վաղուց արդեն չի՞ հոգնեցրել աշխարհին։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Միրզոյանը եվրոպական ամբիոնից իր ելույթի վերջում վատաբանում և վարկաբեկում է Հայաստանի դատական համակարգը՝ թիրախավորելով Սահմանադրական դատարանին՝ նրա համար, որ այն չի շարժվում իշխանության ուզած հունով և պահպանում է իր անկախությունը։

Մի՞թե Միրզոյանն այնքան ասելիք չուներ, որ ստիպված էր կենտրոնանալ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա, և տեղյա՞կ չէր, արդյոք, որ եվրոպացի գործընկերները գիտեն, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում դատական իշխանության վրա։ 

Եվ այս առումով (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի մտահոգությունը Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատահական լինել չէր կարող։ Թեպետ, իհարկե, գիտեր, ու շատ հավանական է, որ այս ամենը պարզապես արդարանալու համար էր արվում՝ սև չերևալու համար սևացնելով այլոց:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ինչքան շատ ներքաղաքական խնդիրները բերեն միջազգային տարբեր հարթակներ, գովերգեն «թավշյա հեղափոխությունը» և «սևացնեն» ընդդիմությանը, առավել ևս՝ դատական համակարգը, այնքան միջազգային գործընկերները անլուրջ են վերաբերվելու նրանց, քանի որ այս գործելակերպը ցույց է տալու, որ իրենք միջազգային գործընկերների հետ հարաբերությունները գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ ծրագրեր չունեն և իրենց առաքելությունը, ըստ էության, ավարտված է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news