ՔԿԾ-ն պարզաբանել է, թե ինչու թույլ չեն տվել ԼՀԿ պատգամավորներին տեսակցել Արսեն Բաբայանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին։

«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»,– հայտնել են քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից։

Հիշեցնենք, որ ԼՀԿ պատգամավորներն ուղիղ եթեր էին մտել և մտահոգություն հայտնել, որ իրենց արգելում են տեսակցել Բաբայանին։