Ներառական օպերացիա կամ ներառական կրթությունը՝ շահավետ բիզնես

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Երևանից 142 կմ հեռավորության վրա գտնվող Շիրակի մարզի Բյուրակն գյուղը մեր ուշադրության կենտրոնում չէր հայտնվի, եթե չլիներ գյուղի դպրոցի աշակերտների տարօրինակ վիճակագրությունը։ 73 աշակերտներից 43-ն ընդգրկվել են ներառական կրթության համակարգում։ Բյուրակնի դպրոցի այդ ժամանակ փոխտնօրեն Մանվել Խոջումյանին զարմացրել է այս վիճակագրությունը․ ծնողական ժողով է հրավիրել ու պարզել, որ տնօրեն Լուսինե Մելիքյանը ներառական կրթության ծրագիրը ծնողներին որպես ֆինանսական օգնություն է ներկայացրել, արական սեռի երեխա ունեցողներին էլ շահագրգռել է ընդգրկվել ծրագրում՝ նշելով, թե սա բանակ չզորակոչվելու շատ լավ առիթ է։  

Ներառականում ընդգրկվելու համար անկանոն շարժումներ անել. տնօրենի  հրահանգը

Բյուրակնի դպրոցում սովորող աշակերտներից մեկի ծնողը (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում), պատմեց, որ տնօրեն Լուսինե Մելիքյանը ծնողներին ասել է, թե ներառական ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է բժշկի թուղթ: Եվ որպեսզի ծնողները «նեղություն չկրեն», ինքը կգնա Ամասիայի բուժկենտրոն ու այնտեղից բոլոր աշակերտների թղթերը կբերի: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ Երևանից հանձնաժողով է գալու, երեխաներին հարցեր են տալու: Ասել է՝ ծրագրից օգտվելու համար երեխաները պետք է հարցերին սխալ պատասխանեն, անկանոն շարժումներ անեն։ Տնօրենի այս հորդորը որոշ ծնողների կասկածելի է թվացել։ Նրանք երեխաների բժշկական թղթերը հետ են պահանջել և միայն այդ ժամանակ տեղեկացել, որ ըստ թղթերի՝ իրենց երեխաներն ունեն վարքային, հուզակամային, հոգեբանական խնդիրներ…   

Փոխտնօրենը բարձրաձայնել է, ազատել են աշխատանքից

Հասարակություն

Ներառական ծրագրով յուրաքանչյուր աշակերտի թվով դպրոցին հատկացվող ֆինանսավորումն ավելի քան չորս անգամ գերազանցում է կրթության առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող երեխայի համար հատկացվող ֆինանսավորումը։ 

Շիրակի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ 2016-ին Բյուրակնի դպրոցում սովորող 75 աշակերտից 37-ն ընդգրկվել է ներառական ծրագրում: 2017 և 2018 թվականներին ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտների թիվը հասել է 43-ի։   

Դպրոցի փոխտնօրեն Մանվել Խոջումյանը աշակերտների այս վիճակագրությունը վկայող փաստաթղթերը փորձել է ներկայացնել Շիրակի այն ժամանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին: Սակայն, փոխտնօրենի խոսքով, մարզպետը հրաժարվել է նույնիսկ լսել իրեն։ Ավելին՝ այս հանդիպումից հետո փոխտնօրենն աշխատանքից ազատվել է: Հրամանում, որպես հիմք, նշվել է  Խոջումյանի՝ պարտադիր բժշկական զննություն անցնելուց հրաժարվելը: Մանվել Խոջումյանն, ըստ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի՝ դատախազությանը տրամադրած տեղեկության, 2009թ-ի օգոստոսի 25-ից գտնվում է հաշվառման մեջ նարկոլոգիական դիսպանսերում՝ կանաբինոիդների օգտագործում ախտորոշումով: Այդ մասին դպրոցում հիշել են միայն 2018-ին, երբ նա փորձել է բարձրաձայնել ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտների վիճակագրության մասին:  

Տնօրենն ու բուժկենտրոնի ղեկավարը հակասում են միմյանց

Հասարակություն

Դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանը հրաժարվեց տեսախցիկի առջև պարզաբանումներ տալ: Առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել: Գրավոր հարցմանն ի պատասխան էլ նշեց, որ չի կարող մեր պահանջած տեղեկատվությունը տրամադրել, քանի որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է քրեական գործ։

Իսկ գաղտնի նկարահանման ընթացքում հավաստիացրեց, թե բժշկական թղթերը ներկայացրել են ծնողները և որ կա Ամասիայի առողջության կենտրոնի ղեկավարի կնիքն ու ստորագրությունը։ Լուսինե Մելիքյանը վստահեցրեց, որ դպրոցը, մանկավարժներն ու ինքը որևէ մասնակցություն չեն ունեցել երեխաների գնահատման գործընթացում:

Հասարակություն

Մինչդեռ Ամասիայի առողջության կենտրոնի տնօրեն Աննա Մկոյանը հակառակն է պնդում:  Ըստ նրա՝ տնօրեն Լուսինե Մելիքյանը դիմել է իրեն ու ասել, որ ներառական ծրագրի համար հարկավոր է աշակերտների բժշկական թղթերում գրել հուզակամային, հոգեբանական խնդիր ունեցող։ Քանի որ երեխաների մեծ մասը պրակտիկ առողջ է եղել, Աննա Մկոյանն ասել է, որ չի կարող, տվյալներ չունի: Տնօրենը ցանկ է ներկայացրել՝ աշակերտների անուն-ազգանուններով, որտեղ գրված է եղել երեխաների հոգեբանավարքային խանգարումների մասին, ու ասել է, որ մանկավարժներն են նախնական գնահատում կատարել։ Ըստ այդ ցանկի էլ Ամասիայի առողջության կենտրոնի ղեկավարը շեղումներն ավելացրել է:

Փաստաթղթերով ամեն ինչ  «մաքուր է»

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը վստահեցնում է՝ Բյուրակնի դպրոցում 73 աշակերտից 43-ի ներառական ծրագրում ընդգրկված լինելը տնօրենի ցանկության ու միջամտության արդյունք չէ: Ըստ նրա՝ 2018-ին երբ դպրոցի որոշ ուսուցիչներ աղմուկ են բարձրացրել այս հարցի շուրջ, ուսումնասիրություններ են կատարվել: Արդյունքում պարզվել է, որ ամեն ինչ  օրենքի շրջանակում է:    

Բյուրակնի դպրոցի՝ ներառական ծրագրում ընդգրկված աշակերտների վիճակագրության մասին բողոք է ստացել նաև ԿԳՆ կրթության տեսչական մարմինը։

Ուսումնասիրություն են կատարել, պարզել են՝ որքան գրանցված աշակերտ կա դպրոցում, այդքան էլ հավաստագրեր և անհատական ուսումնական պլաններ (աուպներ) կան, ինչը, ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ նշանակում է, որ իրավական իմաստով խնդիրը առոչինչ է:

Մինչդեռ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի պնդմամբ՝ եթե անգամ   փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, առողջ բանականությունը հուշում է, որ չի կարող գյուղի աշակերտների կեսից ավելին խնդիրներ ունենալ:  

Նախարարությունը չի տեսել, չի լսել, չի մեկնաբանում  

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել Բյուրակնի դպրոցի՝ ներառական ծրագրում ընդգրկված աշակերտների վիճակագրության մասին հարցը:

Նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, թե նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի, հետևաբար Բյուրակնի դպրոցի մասին տեղեկություն չունի, այդ հարցով զբաղվել է Կրթության տեսչական մարմինը։ Բացի այդ՝ ըստ նրա՝ դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է գործում, եթե կա ֆինանսական խախտում, մարզպետարանն  է պատասխանատուն։   

Այդուհանդերձ, նախարարության համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբից գրավոր հարցմամբ խնդրեցինք տրամադրել տեղեկություններ, թե ինչ մասնագետներ  են զննել երեխաներին, ինչ չափանիշների հիման վրա է 43 աշակերտ համարվել հուզակամային, վարքային ու հոգեբանական խնդիր ունեցող։ Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից նշեցին, որ 2016-ին Բյուրակնի դպրոցում գնահատումը կատարել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, ուստի այդ տեղեությունը կարող է տրամադրել միայն այս կենտրոնը:

Հասարակություն
Հասարակություն

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի այն ժամանակ ղեկավար Լիլիթ Ասրյանի վստահեցմամբ՝ 2016-ին աշակերտների գնահատման հիմքը եղել են բժշկական փաստաթղթերը: Կենտրոնի գնահատող, վերապատրաստող Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ հաշվի են առել նաև հետևյալ հանգամանքը՝ երեխաները հրաժարվել են կոնտակտի մեջ մտնել, անվերահսկելի շարժումներ են արել, ինչն էլ ըստ կենտրոնի ախատակցի՝ վկայել է, որ երեխաներն ունեն վարքային խանգարումներ:

Հարուցվել է քրեական գործ․ տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Բյուրակն դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանի նկատմամբ 2018-ին քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Բյուրակնի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1 կետով։ Լուսինե Մելիքյանը մեղադրվում է խարդախության, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ավելի ուշ՝ մեր 2-րդ հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս քրգործի շրջանակում ՔՕ  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Հակոբյան-Կարապետյան ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Կարապետյանին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, եզրակացությունը դեռ չի ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանի համոզմամբ՝ քրեական գործ հարուցվելուց հետո Բյուրակնի դպրոցում սովորող աշակերտները պետք է անմիջապես վերագնահատվեին։ Ըստ նրա՝ ինչ-որ մարդկանց միջև եղել են կոռուպցիոն համաձայնություններ, մարդկանց մի խումբ էլ որոշել է չխառնվել, որից հետո, երբ հարուցվել է քրեական գործ, արդեն մտածել են, որ իրավապահները կբացահայտեն:

Լուսինե Մելիքյանը կրկին ընտրվել է Բյուրակնի դպրոցի տնօրեն

Մինչ նախաքննությունն ընթանում է, մեղադրյալ Լուսինե Մելիքյանը օգոստոսի 12-ին վերընտրվել է Շիրակի մարզի Բյուրակն համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնում։ Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով է քրեական գործով անցնող անձը կրկին վերընտրվել տնօրենի պաշտոնում։ Պարզաբանեցին՝ չկա դատարանի որոշում, ըստ այդմ՝ որևէ մեկն այս դեպքում հանցագործ չի կարող համարվել։

Լիլիթ Հովհաննիսյան

Հ․Գ․ 2019-ի սեպտեմբերից Շիրակի մարզի Բյուրակնի դպրոցն անցել է համընդհանուր ներառական կրթության: Անցում է կատարվել գնահատման եռաստիճան համակարգի։ Առաջին աստիճանում գնահատումն իրականացնում է դպրոցը, այնուհետև տարածքային կառույցը և հետո միայն Հանրապետական գնահատման կենտրոնը։ Բյուրակնի դպրոցի ուսուցիչները տեղեկացրեցին, որ նախնական գնահատումն իրենք արդեն կատարել են։ Արդյունքում 30 աշակերտից 20-ը դուրս է մնացել ներառական ծրագրից։ Հաջորդ գնահատումը կկատարի տարածքային կենտրոնը։