Նաիրի Հունանյանը փորձում է իր անձի շուրջ հերթական քաղաքական ինտրիգն ստեղծել․ Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News 

Չալաբյան

 «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

« ՄԵՐԺԵԼ ՀԵՐՈՍՏՐԱՏՈՍԻՆ

Մեր թվարկությունից առաջ 356 թ․ հունական Եփեսոս քաղաքի հրաշակերտ Արտեմիսի տաճարը հրդեհվեց ոմն Հերոստրատոսի կողմից։ Երբ քաղաքի իշխանությունները ձերբակալեցին ոճրագործին, նա խոստովանեց, որ դա արել է միայն այն նպատակով, որ իր անունը հիշվի սերունդների կողմից։ Քաղաքի իշխանությունները մահապատժի ենթարկեցին Հերոստրատոսին, և արգելեցին նրա անվան ցանկացած հիշատակում, սակայն այն իսկապես պահպանվեց պատմության մեջ՝ որպես նզովք, սրիկայության և ոչնչության վատթարագույն դրսևորում։

Սրանից 20 տարի առաջ, մեր հիվանդ իրականությունը ծնեց իր սեփական Հերոստրատոսին։ Նաիրի Հունանյանը՝ անդեմ, անօգուտ, բայց հավակնոտ մի կերպար, որոշեց, որ պետք է "փրկի ազգը", ոչնչացնելով նրա ընտրված քաղաքական առաջնորդներին, կարողացավ համախոհներ հավաքել, մեծ քանակությամբ զենք ձեռք բերել, ամենայն հավանականությամբ նաև տարբեր աջակիցներ, և մեր բոլորի աչքի առաջ սարսափելի սպանդ կազմակերպեց մեր պետականության գլխավոր տաճարում՝ դրանով պատմության մեջ մտնելու նույնպիսի անհեթեթ հավակնությամբ։

Այդ օրերի սարսափը և մղձավանջը չեմ ցանկանում կրկնել, շատերդ հիշում եք։ Սակայն հարցը, որը մնաց տանջող յուրաքանչյուրին այս բոլոր անցնող տարիներին՝ արդյոք այս նորօրյա Հերոստրատոսը իսկապես մենակ էր, թե ընդամենը ավելի մեծ դավադրության երևացող մասն էր, ովքեր էին դրդել նրան ոճրագործության, կամ առնվազն ոգեշնչել տարբեր բարբաջանքներ նրա ուղեղի մեջ ներդնելով։ Այս հարցը շարունակում է թունավորել մեր քաղաքական իրականությունը, բազում կասկածների տեղիք տալ, և այսօր էլ, 20 տարի անց, բարձրացել է նոր ուժով, քանի որ երկարամյա լռությունից հետո, Հերոստրատոսը սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ՝ փորձելով իր անձի շուրջ հերթական քաղաքական ինտրիգը ստեղծել։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ՀՀ Ռազմական դատախազությունը մի քանի տարի երկարատև քննություն է վարել, փորձելով պարզել, թե արդյոք Հունանյանի հետևում գործում էին ավելի ազդեցիկ շահառուներ, և ի վերջո փակել է գործը, քանի որ նույն Հունանյանը շարունակում էր պնդել, որ դա իր անձնական նախաձեռնությունն էր։ Այսօր, երբ նա նորից սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ, նրա շուրջը ակնթարթորեն սկսել են հավաքվել այսօրվա քաղաքական բանսարկուները և խարդախները՝ հույս ունենալով ուղղորդել Հերոստրատոսին մատնություններ տալու արդեն իրենց քաղաքական հակառակորդների դեմ։

Քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանի երկժամյա "աննախադեպ" հանդիպումը Հունանյանի հետ, ու դրանից հետո բազմաթիվ կեղտոտ և անհեթեթ ակնարկներով համեմված իր ելույթը դրա վառ արտահայտությունն է, և ցույց է տալիս, որ այսօրվա տոքսիկ միջավայրում, երբ մարդկանց արդեն կարող են ձերբակալել նաև առանց որևէ հիմնավոր պատճառի, ինչպիսի վտանգավոր քաղաքական գործոն է դառնում հայկական Հերոստրատոսը, և ինչպես նրան կարող են հիմա փորձել ուղղորդել նրա հետ գործարքի գնացող, նրա "կուռ տրամաբանությունը" գովերգող, և նրան սեփական կեղտոտ խաղերի գործիք դարձնել փորձող անսկզբունք "գործիչները"։

Եթե մենք ցանկանում ենք մի հրաշալի օր ազատվել հոկտեմբերի 27-ի սարսափելի ուրվականից, ապա պետք է մերժենք այս զզվելի խարդավանքներն ու բանսարկությունը, պահանջենք, որ ՀՀ դատախազությունը վերաբացի այս գործը, նոր քննություն անցկացնի նոր պայմաններում, և կամ հստակ, անժխտելի փաստերով հիմնավորի գործում կազմակերպիչների կամ հովանավորների առկայությունը, կամ էլ վերջակետ դնի այս հարցում՝ երկու դեպքում էլ փարատելով բոլորի կասկածները։ Միայն այդպես մենք կարող ենք մերժել Հերոստրատոսին և նրան վերակենդանացնողներին, թույլ չտալ, որ նա հայտնի կինոնկարի եգիպտական մումիայի պես վերհառնի հիմա, և դրանով նորից ավերածություն սփռի մեր երկրում։

Մինչ այդ, ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորին վշտակցությունը հայտնել 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի բոլոր հարազատներին և մերձավորներին, մասնավորապես, իմ հարգարժան գործընկերներ Արամ Սարգսյանին և Անահիտ Բախշյանին։ Ձեր կորուստը անչափելի է, և միայն հզոր, ազատ և արդար երկիր կառուցելով, մենք կարող ենք գոնե մասամբ փոխհատուցել այն»։