Հոկտեմբերի 27-ը՝ ականատեսի աչքով․ ոճրագործությունից 20 տարի անց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

20 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ոճրագործությունը դեռ չի մոռացվել։ Սպանվեց 8 պետական բարձրաստիճան պաշտոնյա, 8 մարդ վիրավորվեց, 91-ը գերեվարվեց։

24News-ը ներկայացրել է հոկտեմբերի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը ականատեսի աչքերով։ Ոճրագործության մասին պատմում եմ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանական դահլիճում աշխատող լրագրողները՝ Աննա Իսրայելյանն ու Նարինե Դիլբարյանը, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրիները՝ Ռիմա Դեմիրճյանն ու Անահիտ Բախշյանը, ինչպես նաև Վազգե Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Ռիմա Դեմիրճյանը պատմել է, որ ինքը դա զգում էր։ Կարեն Դեմիճյանն ինքն էլ մի քանի անգամ ասել էր, որ իրեն «խփելու են», մինչդեռ ո՞վ, ե՞րբ չգիտեր։

Աննա Իսրայելյանը հիշել է, որ վերջին բանը, որ տեսել է դահլիճից դուրս գալիս Անդրանիկ Մանուկյանի դեմքն էր, որի կեսը չկար։ Լրագրողը խոստովանել է, որ երկար ժամանակ չէր կարողանում ո՛չ քնել, ո՛չ հաց ուտել։

«20 տարի անց այդ ամենը բթացել է, սակայն երբ լսեցի, որ դիմել է վաղաժամկետ ազատման խնդրանքով, մեջս դող սկսվեց նյարդային»,-խոստովանել է լրագրողը։

Նարինե Դիլբարյանը պատմել է, որ վարչապետի, ԱԺ նախագահի, փոխնախագահների սպանությունից հետո սկսվել է բեմադրության երկրորդ մասը՝ լրագրողներին հայտնելը, որ իրենք մեծ գործ են արել։

«Նաիրին ակնհայտ ցնծում էր»,-հիշում է լրագրողը։  

Խոսրով Հարությունյանը կարծում է՝ ոճրագործության սցենարն այնպիսին էր, որ պետք է լինեին զոհեր, բայց հիմնական թիրախը, նպատակը, ըստ նախկին պատգամավորի, Վազգեն Սարգսյանն ու  Կարեն Դեմիրճյանն էին։

Անահիտ Բախշյանն ասել է, որ անձամբ չի ների, բայց եթե Նաիրի Հունանյանն օրենքով այդ իրավունքն ունի, և եթե վստահենք դատարանին, ու օրենքի առաջ հավասար լինենք բոլորս, ապա թող ոճրագործն էլ իր իրավունքից օգտվի․ «Մեր ժողովուրդը չի ների, բայց օրենք է, իրավունք է, թող մի տականք էլ արևի լույսի տակ ավել ման գա»։

Արամ Սարգսյանը Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատ արձակման դիմումը կապում է ստեղծված նոր իրավիճակի հետ․ ոճրագործը գուցե մտածել է, որ կարող է նորից գործոն դառնալ, քաղաքական խաղերի մեջ մտնել։ Սակայն Արամ Սարգսյանն անթույլատրելի է համարում Նաիրի Հունանյանին ինչ-ինչ պայմաններ թելադրելը ու, դրանից ելնելով, ինչ-որ բան խոսք տալը։

«Որևէ գործարք դրանց հետ չի լինելու»,-հայտարարել է Արամ Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ Աննա Դանիելյանի պատրաստած տեսանյութում։