Սիրիայի փոխարտգործնախարարին են վերագրվում Արցախի մասին խոսքեր, որոնք նա չի ասել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Ադրբեջանական քարոզչամիջոցները վերջին օրերին տարածում են Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ-Մեգդադի խոսքերը, ով, իբր, Բաքվում գումարված Չմիավորված երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, թե «Սիրիան աջակցում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը», «Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը» և այլն։ Ամենից զարմանալին, իհարկե, ադրբեջանական քարոզչամիջոցների վերագրումն էր արցախյան կոնտեքստին սիրիացի փոխնախարարի այն հայտարարությունը, թե «ահաբեկչությունը մեծ սպառնալիք է այս տարածաշրջանում»։

Հոկտեմբերի 26-ից ակտիվորեն տարածվող այս թեզերը դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանվել պաշտոնական Երևանի կողմից. թերևս այն պատճառով, որ սիրիացի փոխնախարարն ընդհանրապես նման խոսքեր արցախյան հակամարտության վերաբերյալ չի արտահայտել։

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանը փոխանցել է սիրիացի փոխնախարարի խոսքի ուղիղ մեջբերումը իր Twitter-յան միկրոբլոգում` հղում անելով Բաքվում գումարված Չմիավորված երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի պաշտոնական տեսագրությանը։