Նոր Արեշի տներից մեկի նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

.

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատիկցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։

Հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր, իսկ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բաժին է բերման ենթարկվել 46-ամյա Վարդան Սիմոնյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչև հողում թաղելը, նա իր զոհին խեղդամահ է արել, մինչ այդ էլ փորձել է հոսանքահարելու միջոցով սպանել, սակայն, տեսնելով, որ զոհը հոսանքից չի մահացել, խեղդել ու թաղել է տան նկուղում։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Ռաֆայել Հակոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և տեղում քննիչ Ռ. Հակոբյանի որոշմամբ կասկածյալ Վ. Սիմոնյանը ձերբակալվել է։