Վահե Գրիգորյանը Արման Բաբաջանյանի դիմումը ստանալուն պես հանդես կգա պարզաբանմամբ. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

.

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դեռ չի ստացել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու վերաբերյալ։ Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ դիմումին ծանոթանալուց հետո խոստանում է հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին ուղղած իր դիմումը, որտեղ մասնավորապես Գրիգորյանին կոչ է անում պարզաբանել ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը:

«Վերջին շրջանում մամուլում հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը: Այս խնդիրը պարզաբանելու, ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու կոչով այսօր պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին»,- ասված է Բաբաջանյանի գրառման մեջ»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: