Վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում. Արագածոտնի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերի բարձրացման հարցին, հայտարարել է թիմում գտնվողները չեն կարող սխալ համարել վարչապետի որոշումները: 

«2019-ի բյուջեով նախատեսված է որոշակի պարգևավճարի չափ, և այդ ֆոնդից տարբեր աշխատողներ իրենց լավ կատարած աշխատանքների համար հավելավճար են ստացել: Պետական համակարգում աշխատող ցանկացած աշխատողի համար ստույգ սահմանված են դրույքաչափեր, որին ավելացել է որոշ գումար: Բայց ես չեմ կարող խոսել այն մասին, ինչը գաղտնիություն է պարունակում»,-ասել է մարզպետը:

Հարցին՝ ըստ գաղտնի որոշման՝ որքա՞ն է բարձրացել մարզպետի աշխատավարձը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կրկին նշել է, որ չի ուզում իրավական տեսանկյունից պատասխանատվություն ստանձնել և գաղտնի տեղեկության մասին խոսել:

«Վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ եմ համարում, այլև ճիշտ եմ համարում: 3 մլն «վարչապետները» իրենց որոշումը կայացրել են, ԱԺ-ի վերջին ընտրություններին իրենց վստահության քվեն տվել են մեր քաղաքական ուժին և վստահել են օրենքով սահմանված որոշումներ կայացնելու մեր իրավունքներին»,- ասել է մարզպետը և հավելել, որ նրանց թիմում գտնվողները չեն կարող սխալ համարել վարչապետի որոշումները:

Մարզպետը նաև նշել է, որ դժգոհ է, քանի որ մարզպետարանում կան շատ աշխատողներ, որոնք ցածր աշխատավարձ են ստանում և նկատել, որ պետական համակարգում ամենացածր վարձատրվողները պետք է բարձր աշխատավարձ ստանան: