Հիշողությունը պահպանելն է ողբերգությունները բացառելու ուղին․ Ռումինիայի արքայազնի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Հայաստանում գտնվող՝ Ռումինիայի արքայազն Ռադուն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արքայազն Ռադուին ուղեկցում էին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դրվեց Ռումինիայի թագավորական ընտանիքի անունից: Այնուհետև արքայազն Ռադուն ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ արքայազն Ռադուն շրջեց թանգարանով, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին: Ավարտին նա գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ նշելով, որ պատասխանատվությունն ու հիշողությունները պահպանելը միակ ուղին է բացառելու ողբերգություններն ու տառապանքը՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում: