Ոստիկանությունը հայտնաբերել է 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորները․տեսանյութ է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ էին ստացել։ Խոսքը 14 տարի առաջ կատարված սպանության մասին էր։ Տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Մի քանի օր տևած, այսպես ասած՝ դասագրքային ճշգրտությամբ կատարված աշխատանքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին, նաև նոր հանգամանքներ ի հայտ եկան։ Փաստական տվյալների համաձայն՝ 2005 թվականի սեպտեմբերին Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում սպանվել էր 1937 թվականին ծնված մի կին, որը ժամանակավոր բնակվում էր ազգականի տանը։ Դեպքի օրը կնոջ և 1972 թվականին ծնված ազգականի միջև վեճ էր ծագել։ Այդ ընթացքում տղամարդը խեղդելով սպանել էր ազգականուհուն։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով էլ դին նկուղում թաղել էր։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Նոր Արեշի 11-րդ փողոցի այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը։
Օպերատիվ տեղեկությունները հաստատվեցին․ նկուղում հայտնաբերվեցին մարդու ոսկորներ ու հագուստի մնացորդներ։ Սպանվածի քույրը 2005 թվականին ոստիկանությունում հաղորդում էր տվել քրոջ անհետ կորելու վերաբերյալ՝ չիմանալով, որ նրան սպանել են։
47-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։