Նախարարությունը կլինի այն առաջամարտիկը, որը կնպաստի սոցիալական երկխոսության կայացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարեւորում է սոցիալական գործընկերության ամրապնդումը. ՀՀ կառավարությունը առանցքային  է համարում աշխատանքի խրախուսումը եւ աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը բոլորի համար՝ հատուկ շեշտադրելով երիտասարդներին եւ կանանց։ Այս մասին  Սոցիալական գործընկերության 10-րդ ազգային գիտաժողովի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Սրա վառ ապացույցն են նաեւ «Արժանապատիվ աշխատանք» եւ «Աշխատիր՛, Հայաստան» ծրագրերը, որոնք մշակվել են կառավարության եւ նախարարության կողմից՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ։  Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները եւ Առողջապական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների բարելավումը ի նպաստ աշխատանքային իրավունքների պաշտպանության, մեր օրակարգում են։ Մենք հավատում ենք, որ միասնական ջանքերի շնորհիվ կարող ենք ոչ միայն աշխատանքի հնարավորություններ ստեղծել Հայաստանում, այլեւ բարելավել աշխատանքային պայմանները, զարգացնել աշխատանքային իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմները»,- ասաց նա:

«Աշխատանքի ապագան Հայաստանում» անվանումով ազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են աշխատաշուկայում երիտասարդների ակտիվ ներգրավվման հնարավորությունների հեռանկարը, Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, աշխատանքի անվտանգության եւ աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր եւ այլն։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գիտաժողովը առանձնահատուկ է բնութագրել նաեւ նրանով, որ այն ընթանում է ԱՄԿ 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում, որը բոլոր երկրներին փորձում է ուղղորդել կայուն զբաղվածության գաղափարախոսության, սոցիալական երկխոսության ճանապարհով՝ դեպի արժանապատիվ աշխատանք, կայուն ձեռնարկատիրություն եւ կայուն զբաղվածություն։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը էական է համարել միասնական ջանքերի միջոցով ոչ միայն աշխատանքի հնարավորություններ ստեղծումը, այլեւ աշխատանքային պայմանների բարելավումը՝ միեւնույն ժամանակ հնարավորություններ ստեղծելով սոցիալական գործընկերությունը կայացման համար.

«Ես համաձայն չեմ հաճախ հնչող այն կարծիքների հետ, ըստ որոնց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը եւ աշխատանքային պայմանների բարելավումը կարող են խոչընդոտել կամ սահմանափակել գործարար միջավայրի հնարավորությունները։ Հակառակը. վստահ եմ՝ աշխատողի համար ստեղծված բարենպաստ պայմանները եւ նրա կարողությունների զարգացումը միայն կարող են նպաստել հավելյալ արդյունքի ձեւավորմանը։ Մեզ համար հենց այս սկզբունքի վրա պետք է հիմնված լինի Աշխատանքի ապագան Հայաստանում»,- ասել է նախարարը։