Հանուն Հայաստանի Հանրապետության սպանվածները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Վազգեն

«Ու իրենից հետո թողեց զբաղեցված, բայց թափուր գահեր...

Ի՞նչ արած, Վազգե՛ն, պարադոքս է, բայց իրողություն. անմահության պարտադիր պայմաններից մեկն էլ մահն է...»։

Այդին Մորիկյան, 1999 թ., նոյեմբերի 6

 

Եթե ժամանակը պտտելու հնարավորություն տրվեր, օրը կլիներ չորեքշաբթի, թիվը՝ 27, ամսով՝ հոկտեմբեր և տարին՝ 1999...

Ժամանակի ցուցիչը ժամացույցն է, նրա կանգ առնելը` այլևս երկրային ընթացքի կանգառը:
Պետության գնդակոծման եղանակը ընտրվեց ամենադաժանը` մոլորակի աչքի առաջ, զանգվածների հայացքից չխուսափող, մեր սրտում` հօրինակ հատկապես մեզ, ընդհանրապես` բոլորին:
Բովանդակության բնույթը եղավ ամենավավաշոտը` եղբայրասպանությունը: Մենք, նորից, խփեցինք ինքերս մեզ, մեզանից ամեուժեղին ու լավին, ովքեր տեր էին ու իրենց ուսերին բոլորիս առած տանում էին դեպի վեր, դեպի հզոր ու լուսավոր, արժանապատիվ հարթակներ, որտեղ այլևս գլուխներս կախ ընկած, կուզիկ ու խնդրող չէինք լինելու: Ձիգ կանգնած մեր ասելիքով ու գործով մարդկության շտեմարանի գրագրության պատվով էջերի գրառմանն էինք մասնակցելու:

Կատարողներին ընտրեցին ամենագարշելիներից` անպետություն, անհայրենիք ժամանակների ծնունդ ավանդական կոչվածից սերածներին, մի կազմակերպության, որը, ազգային շահ ասելով, ոչ թե ի նկատի ունի պետության շահը, այլ ուղիղ հակառակը:

Սպանել են վախից, խփել են թիկունքից («Սարոյան եղբայրները» ֆիլմի վերջնամասի պես), օգտվել են Հայաստանի Հանրապետության թշնամիները:

Ու շակալների խրախճանքի իրավունքն ուժի մեջ մտավ:

Հոկտեմբերի 27-ի իմաստի ճշմարիտ ու խորքային մեկնությունը տրվել է անհատների կողմից, յուրացրել են քչերը: Բոլորը գիտեն դրա մասին, շատերը մոտ են նրան, բայց եզակիներին է տրված դա հասկանալը: 

Մենք շարունակում ենք խարխափել փոսի մթության մեջ և չենք դուրս գալիս, որովհետև տեսողություն չունեցողը կույրերին է առաջնորդում: Եվ 20 տարի հետո պատկերը նույնն է, փոփոխություն էլ եղավ, դարձյալ պատկերը նույնն է: Որովհետև դեպքն է սահմռկեցուցիչ սարսափելի, և սպանվածի ուրվականը շարունակում է վախեցնել շատերին:

Խոսել է ազգի տականքը, լսել է պատգամավորը ու շարունակությունից պարզ կդառնա՝ սա հոկտեմբերի 27-ի հետ կապ ունի՞, թե՞ կողքով է անցնելու այլ հաշվարկի տրամաբանությամբ: Միայն թե ասեմ, որ մի տեղ գրված-մնացած լինի. 27-ի դուռը բացելու իրավունք ունի միայն նա, ով վճռական մենակի վճռականությունն ունի, քսան տարի իր միջով է ողբերգությունն անցկացրել ու պահել, սրտի մեջ չի կորցրել, մտքում անընդհատ պտտեցրել է և դա անում է միայն հանուն սպանվածների և Հայաստանի Հանրապետության: Մնացածը կուլ են գնալու համամարդկային այս սարսափին՝ իրենց հետ տանելով շատերին:

Եվ, եթե, հաշվի առնենք, որ օրվա կառավարիչները իրենց հերթական անգամ պահեցին դատարկ սպառողական զամբյուղի պես և չգնացին «Եռաբլուր» ու չհղեցին ոչ մի ասք կամ հայտարարություն հայոց պետականության ամենածանր օրվա քսանամյակի հետ կապված, ապա պատկերը շարունակում է մնալ մտահոգիչ:

1999 թ. հոկտեմվերի 28-ից Հայաստանում ապրում է պետականության ուրվականը, և եթե ուզում ենք, որ ամեն ինչի Տերը` Քրիստոսը, մեր պետությանը հարության արժանացնի, ապա պետք է ապաշխարհություն կատարենք, և հանցանքի ծխածածկույթի հեռացումը սկսենք՝ քրիստոնեական ու համապետական գաղափարներից ելնելով:

Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Ռուբեն Վարդանյան
պատմաբան