Սա ուղերձ է աշխարհին, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն մոռացվում․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ժամեր առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 296 պատմական բանաձևը։

Սա հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ մարդկության դեմ հանցագործությունները երբեք չեն մոռացվում և չեն մոռացվի, կարևոր քայլ պատմական արդարությունը վերականգնելու և ժխտողականության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև հարգանքի տուրք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այսպիսով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը համամարդակային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, հատկապես ամերիկահայ համայնքին, ովքեր սերնդեսերունդ պայքարել են այս օրն իրականություն դարձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և բարեկամ ամերիկացի ժողովրդին», - ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությամբ ընդունվեց հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։