Անկարայում ԱՄՆ դեսպանը Ցեղասպանության ճանաչման հարցով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News  

ԱՄՆ

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ։ Այդ մասին տեղեկացնում է ANADOLU գործակալությունը։

Ավելի վաղ Անկարան դատապարտել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ կապ տեսնելով դրա և Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի կողմից անցկացված «Խաղաղության ակունք» օպերացիայի միջև։ Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարարը գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։