Երեխաների հետ Արսեն Բաբայանի շփումն արգելելը ՀՔԾ պետը համարում է թյուրիմացություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սասուն

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, ուստի նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ պատգամավորը կարող է տեսակցել Նաիրի  Հունանյանին, սակայն մեկ այլ պատգամավոր չի կարող տեսակցել Արսեն Բաբայանին, ՀՔԾ պետն արձագանքել է. «Նրանց կարգավիճակները տարբեր են: Նաիրի Հունանյանը պատիժ է կրում, դատապարտված է: Տվյալ դեպքում, Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված է խափանաման միջոց կալանք, այսինքն՝  կալանավորումը ընտրվում է այն նկատառումներով, որ բացառվի նաև նրա շփումը այլ անձանց հետ»։

Անչափահաս երեխաների հետ հանդիպումն ինչո՞վ է գործին խանգարելու, հարցին Սասուն Խաչատրյանն ասել է, թե տեղեկատվություն չունի, որ անչափահաս երեխաների հետ նրա շփումն արգելվել է․ «Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի»։

Հարցին՝ եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացրած լիներ, Արսեն Բաբայանի նկատմամբ գործ կհարուցվե՞ր, ՀՔԾ պետը պատասխանել է. «Հրաժարական տալ-չտալը քրեական գործի համար որևէ նշանակություն չունի ու կրկին ասում եմ, որ ՀՔԾ-ն քաղաքականությամբ չի զբաղվում»։

Դիտարկմանը, թե Բաբայանը ձերբակալվել է համաներման ակտի տակ գտնվող հոդվածով ու չէր կարող ազատազրկվել, Սասուն  Խաչատրյանն ասել է, որ համաներման կիրառման համար պետք են մի շարք նախապայմաններ։

«Դրանցից ամենակարևորն անձի  համաձայնությունն է, որ իր նկատմամբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, տվյալ դեպքում, Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել», - ասել է Սասուն Խաչատրյանը։