Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Տնտեսական

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։

Ցուցակում առաջին հինգ տեղերը զբաղեցնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Գրանդ Տոբակո»-ն, «Գազպրոմ Արմենիա»-ն, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունները։ 

2019թ.  հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 41 միլիոն դրամ, որից մոտ մեկ ու կես միլիոն դրամը կազմում է մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարը, շահութահարկը՝ մոտ 15 միլիոն դրամ, եկամտային հարկը՝ մոտ յոթ ու կես միլիոն դրամ։

«Գրանդ Տոբակո»-ի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 40 միլիոն 300 հազար դրամ, որը ներառում է մոտ 2 միլիոն 700 հազար դրամ մաքսային վճարներ, մոտ 8 միլիոն 230 հազար շահութահարկ, մոտ 900 հազար դրամի եկամտային հարկ և այլ հարկային վճարներ։

«Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 34 միլիոն դրամ, որից մաքսային մարմնին վճարած գումարը կազմում է մոտ 117 հազար դրամ, շահութահարկը՝ մոտ 198 հազար դրամ, ԱԱՀ-ն կազմում է մոտ 28 միլիոն 500 հազար դրամ, եկամտային հարկը՝ մոտ 4 միլիոն 500 հազար դրամ, և այլ հարկեր և վճարներ։ 

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 14 միլիոն դրամ, իսկ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը՝ մոտ 13 միլիոն դրամ։ 

Համեմատելով 2019 թվականի երկրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծությունների ցանկը ներկայիս ցանկի հետ՝ տեսնում ենք, որ առաջին հնգյակում տեղաշարժ տեղի չի ունեցել, սակայն նախորդ ցուցակում, համեմատաբար, ավելի քիչ է եղել հարկային վճարների գումարի չափը։

Տարբերություններ կան միայն ցուցակները եզրափակող ընկերությունների շարքում։ Եթե 2019 թվականի երրորդ եռամսյակի հարկ վճարողների ցուցակը եզրափակում են «Էյչ Այ Ուայ» և «Ամ Արտ Շին» ընկերությունները, ապա երկրորդ եռամսյակի ցուցակը եզրափակում են «Էյ Ջի Գրուպ» և «Ալ Բորա» ընկերությունները։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news