Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Ոչնչից չի վախենում միայն կատարյալ հիմարը, բայց իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ»,- այս մասին ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկի այն հարցին՝ արդյոք  ՀՀ երրորդ նախագահը չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ի պատասխան ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում, ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»,- նշել է Սերժ Սարգսյանը և հավելել.

«Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ ավելին չի ուզում ասի, քանի որ խոստացել է պարզ և անկեղծ զրույց ունենալ ՀՀ քաղաքացիների հետ, իսկ դրա ժամկետը՝ մոտենում է։